կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ պետական ժողովրդից պետական ժողովրդի վերածվելու պահը սահմանադրական հանրաքվեն է. վարչապետ

Ոչ պետական ժողովրդից պետական ժողովրդի վերածվելու պահը սահմանադրական հանրաքվեն է. վարչապետ

2018-ի հեղափոխությունից հետո էլ, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո էլ Սահմանադրության թեման Հայաստանում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Այս մասին այսօր Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ունենալու մասին իր հայտարարություններին:

Նա հիշեցրեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո կային կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կիսանախագահական համակարգին. «Ես այդ տեսակետը չէի կիսում: Պատերազմից հետո էլի այդ գաղափարը հնչեց, որ եթե ունենայինք կիսանախագահական համակարգ, գուցե ամեն ինչ այսպես չստացվեր: Եթե անկեղծ ասեմ, հենց անմիջապես հետպատերազմական ժամանակ ես էլ էի այդպես մտածում, որովհետեւ մեր գործող Սահմանադրությամբ գերագույն հրամանատար, բանակ հարաբերություններում, այդ ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք պատերազմի ժամանակ իրենց ի ցույց դրեցին:

Բայց վերջին շրջանում ես խոսել եմ նոր Սահմանադրություն ունենալու մասին: Եթե հարցնեք՝ ինչով է դա պայմանավորված, ես վերջին շրջանում շատ եմ խոսում հարենիք-պետություն հարաբերությունների, պետական ինստիտուտները ամրացնելու անհրաժեշտության մասին, հեղափոխությունը նաեւ քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին էր: Ես արձանագրում եմ, որ մենք քաղաքացու եւ պետության միջեւ ճեղք ունենք, որն արտահայտվում է էլի լեգիտիմությամբ:

ՀՀ Սահմանադրությունը, որ ընդունվել է 1995-ին եւ մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի եւ ընդունեցի Սահմանադրություն»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ շատ վերլուծաբաններ ասում են՝ մենք պետական ժողովուրդ չենք, երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով դեռ չենք դարձել պետական ժողովուրդ. «Ո՞րն է  այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի. Այդ պահը սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց մանիպուլյացիաների գնում է եւ ձեռք է բերում պայմանավորվածություն: Ընդհանրապես, ընդունված է պայմանավորվածությունը արձանագրել ձեռքսեղմումով: Քվեարկությանը մասնակցած այդքան ՀՀ քաղաքացու հետ ես ձեռքսեղմում եմ անում, պայմանավորվածություն եմ ձեռք բերում, ասում եմ՝ մենք իրար հետ ապրում ենք այսպես: Դա է այն գիծը, որտեղ ազգը դառնում է ժողովուրդ:

Այս կոնտեքստում էական չէ՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով դա օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ: Պետության եւ ժողովրդի գենետիկ կապը ձեւավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը: Առաջինը՝ ինքն արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է, երկրորդը, այս պետության մեջ մենք հարաբերվելու ենք այս կանոններով: Իմ ընկալմամբ և համոզմամբ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել»:

Փաշինյանի խոսքով, լեգիտիմությունն ընդհանարապես բոլոր հարաբերություններում էլ շատ էական է. «Երկու կամայական քաղաքացու հարաբերություններում լեգիտիմությունը շատ էական է, որովհետև ի՞նչ է լեգիտիմ հարաբերությունը. լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ի՞նչ եմ ակնկալում ես ձեզնից և ի՞նչ եք ակնկալում դուք ինձնից: Ձեր ակնկալիքների ո՞ր մասն եմ ես պատրաստ բավարարել, դա մեր հարաբերությունների լեգիտիմ հիմքն է, և ի՞նչ ակնկալելու իրավունք ունեք դուք ինձնից, որովհետև ամեն ինչ չէ, որ կարող եք ինձնից ակնկալել: Լեգիտիմությունն այն է, որ մեր հարաբերությունների մեջ ձևավորվում է ընդունելի մի շրջանակ, որտեղ մենք ազատ ենք իրար հետ շփվել»:

  • Կիսվել: