չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոյմեբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում մեկ-երկու օր․ Հայկ Մամիջանյան

Նոյմեբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում մեկ-երկու օր․ Հայկ Մամիջանյան

Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում շուրջ տասը դեպքով ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել՝ ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում, սրանից լավ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք։

Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը գրեթե նույն ժամանակահատվածում երեք հարթակով բանակցություններ է վարել՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան:

«Նույնը, ինչ ինքն անում էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Բարդ չէ հասկանալ, որ եթե դու երեք հարթակով բանակցություն ես վարում, հնարավորություն ես տալիս հակառակորդին որոշակի տարբերակներով խուսանավելու: Երեկ Փաշինյանը մի քիչ խիստ ներկայացրեց ռուսական միջամտության ողջ դրվագները, բայց գրեթե չանդրադարձավ, թե ինչպես է անցել բանակցությունները ֆրանսիական միջամտության և, ամենահետաքրքիրը, ԱՄՆ-ինը նույնպես: Քաղաքականությունից հասկացող ցանկացած մարդ կփաստի, որ նախագահական ընտրությունների  շեմին ԱՄՆ-ում, ակնկալել, որ նման հրադադարը հնարավոր կլինի իրականացնել, պարզապես ունայնություն է: Ես բաց հարց կթողնեմ՝ արդյո՞ք այդ խողովակով  բանակցությունները պայմանավորված էին ԱՄՆ-ի ներքաղաքական զարգացումներով և այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Թրամփի ներքաղաքական նպատակների լուծմամբ:

Հիշեցնեմ, որ հրադադարի բանակցություններն ընթացել են միաժամանակ: Ես չգիտեմ՝ ինչ խոսքերով բնութագրել այն հայտարարությունները, երբ ասվում է, որ մոտ 10 անգամ Արայիկ Հարությունյանի և ԳՇ-ի տված հայտարարություններն իրար հակասել են: Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում ինքը շուրջ 10 անգամ չի տիրապետել իրավիճակին, չի իմացել, թե ինչ է տեղի ունենում պատերազմի դաշտում: Սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք, ես պատկերացնել չեմ կարող»:

Հաջորդ կետը, որին անդրադարձավ Մամիջանյանը և որը, ըստ իրեն, չի շրջանառվել մամուլում, Նիկոլ Փաշինյանի հետևյալ արտահայտությունն է՝ «պատերազմից հետո, 1-2 օր անց, երբ ես վերադարձա աշխատանքի». «Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Նոյեմբերի 9-ից հետո ոչ ոք չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր մեկ-երկու օր։ Ասում է՝ երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։ Որտեղի՞ց լիներ՝ քո ստորագրած փաստաթղթից հետո»,- զարմացած հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: