Նորաստեղծ վերլուծական ինստիտուտում քննարկել են իրանաադրբեջանական լարված հարաբերությունների թեման
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է նոր վերլուծական ինստիտուտ՝ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հոկտեմբերի 9-ին նորաստեղծ կենտրոնը անցկացրեց իր անդրանիկ միջոցառումը՝ կլոր-սեղան քննարկում «Իրանի աշխուժացումը և տարածաշրջանային թեժ զարգացումները» թեմայով:
Քննարկումը նվիրված էր իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությանը և հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներում Իրանի աշխուժացմանը:
«Մեր խնդիրն է առաջին հերթին հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում՝ անկախ նրանից՝ դա մեզ հաճելի է, թե ոչ, և երկրորդը՝ ո՞րն է այդտեղ մեր անելիքը, ո՞րն է այդտեղ Հայաստանի շահը, եթե այն կա, ո՞րն մեր լավագույն դիրքավորումը այս իրավիճակում: Հարցը բավական խրթին է, բարդ, բազմաշերտ և բազմապլան, այստեղ շատ դժվար է իրականությունը զանազանել պրոպագանդայից: Մեր խնդիրն է վերհանել այդ զարգացումների պատճառահետևանքային կապերը, սա դարձնել հանրության ուշադրության առարկա», - բացատրեց քննարկման վարող, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հիշեցնելով, որ իրանա-ադրբեջանական թեժացման փուլին՝ Թեհրան-Բաքու հռետորաբանական «փոխհրաձգությանը», Ադրբեջանի սահմանին իրանական զինուժի լայնածավալ զորավարժություններին և հետագա զարգացումներին նախորդել էին Կապան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած միջադեպերը, երբ ադրբեջանական զինծառայողները ճանապարհի՝ իրենց հսկողության տակ անցած հատվածներում խոչընդոտում էին ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի քաղաքացիների, այդ թվում՝ իրանցի բեռնատարների տեղաշարժը:
Միաժամանակ Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ ադրբեջանցիների կողմից իրանցի երկու վարորդների ձերբակալությունը ընդամենը պատրվակ էր, քանի որ Իրանի ակտիվացումը տարածաշրջանային գործընթացներում ավելի խորքային պատճառներ ունի:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր խոսքում ընդգծեց, որ նորաստեղծ վերլուծական ինստիտուտը ամբողջությամբ ապաքաղաքական նախաձեռնություն է՝ վերլուծաբաններին, փորձագետներին և առհասարակ մտածող մարդկանց արտահայտվելու հավելյալ հարթակ տրամադրելու նպատակով:
Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանի ներկա խնդիրների և անվտանգության սպառնալիքները մասամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ երկրում շատ քիչ են կամ առհասարակ բացակայում են վերլուծական, ուղեղային լուրջ կենտրոնները, մտածող մարդկանց համար անհրաժեշտ հարթակները:
«Այդ բացը պետք է լրացնենք այսպիսի քննարկումներում հնչող տեսակետներով, որպեսզի դա չլրացվի երբեմն նույնիսկ մեր հակառակորդների կողմից հայկական լրատվական դաշտ նետվող այն լրատվությամբ, որը շատ ծանր, երբեմն նույնիսկ կործանարար ազդեցություն է ունենում մեր հասարակական տրամադրությունների, հանրային կարծիքի և հետևաբար նաև՝ պետության վրա», - ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Արման Բաբաջանյանը կարևորեց Իրանի միջուկային գործարքի շուրջ Թեհրանի և Արևմուտքի առաջիկա հնարավոր բանակցությունները Վիեննայում՝ ընդգծելով, որ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորումը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը էապես կթուլացնեն Հարավային Կովկասում սրված լարվածությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի առաջարկած «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) նախաձեռնությանը, Արման Բաբաջանյանը կարևորեց Մինսկի խմբի արևմտյան համանախագահողների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կեցվածքը այս հարցում՝ շեշտելով, որ իր աշխատանքները վերսկսող Մինսկի խմբի եռանախագահության միջոցով կարելի է հավասարակշռել հիմնականում Անկարայի և Մոսկվայի կողմից առաջ մղվող «3+3»-ի գործունեությունը կամ ազդեցությունը, եթե, իհարկե, այն ստեղծվի:
«Հայաստանը «3+3»-ին առնչվող իր դիրքորոշումը պայմանավորում էր Վրաստանի դիրքորոշմամբ: Սա ինձ համար մի քիչ անընդունելի և անհասկանալի է, որովհետև այդ դեպքում մենք պիտի հասկանանք ընդհանրապես ռեգիոնալ գործընթացներում Վրաստանի հետ ապագա պատկերացնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Վրաստանի հետ միասնական օրակարգ կառուցելը չափազանց կարևոր ուղղություն կարող է լինել հայկական դիվանագիտության համար: Եվ ես շատ պիտի ուզեի, որ «3+3»-ի վերաբերյալ Վրաստանի և Հայաստանի այս նույնական դիրքորոշումները, - հույս ունեմ, որ Հայաստանը ևս ձեռնպահ կմնա այդ ձևաչափին մասնակցելուց, և այդ ձևաչափը չի կենսագործվի, - հնարավորություն կստեղծեն Վրաստանի հետ մոտարկել որոշ քաղաքականություն», - նշեց Արման Բաբաջանյանը:
Ողջունելով «Հանուն Հանրապետության» կուսակցության նախաձեռնությունը՝ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը տեսակետ հայտնեց, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ակնհայտորեն ենթադրում է տարածաշրջանում որոշակի աշխարհաքաղաքական վերափոխումներ: Ընդ որում, այդ զարգացումներում ակտիվ գործում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային դերակատարներ:
«Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ մենք առաջնահերթորեն պետք է կարողանանք սահմանել, թե որո՞նք են լինելու Հայաստանի Հանրապետության համար այն հաստատունները (կոնստանտները), որոնցից պետք է բխեցվեն համապատասխան գործողությունները: Ակնհայտ է, որ արտատարածաշրջանային դերակատարների պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիոն հնարավորությունների օգտագործմանն են ուղղված, և այստեղ, թերևս, առանցքային դեր ունի Հայաստանը՝ մասնավորապես Սյունիքի հատվածով: Եվ այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Արցախյան պատերազմը մի փուլ էր, որը տարածաշրջանում որոշակի գործընթացներ գեներացնելու համար կարող է և առիթ կամ պատճառ հանդիսանալ: Այս իմաստով այսօր մեր առջև կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից ամենակարևորը վստահաբար կենտրոնացած է Սյունիքի, նրա՝ որպես Հայաստանի աշխարհաքաղաքական կշռի առանցքի շուրջ, և մենք տեսնում ենք, որ բոլորի շահերը բախվում են հենց Սյունիքում: Ստացվում է, որ մենք հիմա կիզակետում ենք գտնվում, և մեր դիրքորոշումից, բնականաբար, շատ բան է կախված լինելու», - մեկնաբանեց քաղաքագիտության թեկնածու Էմիլ Օրդուխանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար որպես հաստատուններ, որոնցից պետք է բխեն գործողություններ, պիտի լինեն այն գաղափարները, որոնք մեր պետական շահերի պաշտպանության առանցքն են կազմում: Այս համատեքստում Օրդուխանյանը շեշտեց՝ պետք է բացառվի որևէ տարբերակ, երբ ապաշրջափակվող որևէ ուղի կամ ճանապարհ դուրս կլինի Հայաստանի Հանրապետության վերահսկողությունից: Այլ խոսքերով՝ ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող որևէ ճանապարհ ապաշրջափակման դեպքում միանշանակորեն պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ:
Երկրորդ հերթին, Հայաստանի աշխարհաքաղաքական կշռի ավելացման և տարածաշրջանային գործընթացների հավասարակշռման տեսանկյունից, ըստ քաղաքագետի, կենսական նշանակություն ունի Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորումը և այդ կապի ամրապնդումը: