երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Քոչարյանը ռուս-ուկրաինական հակամարտության մասին. Հնարավոր է սառեցում ինչ-որ գծի վրա

Քոչարյանը ռուս-ուկրաինական հակամարտության մասին. Հնարավոր է սառեցում ինչ-որ գծի վրա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սառեցումը։ Այս մասին նա հայտարարել է մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Ի սկզբանե Ռուսաստանի վրա ճնշումը չափազանց մեծ էր և Արևմուտքի չափազանց մակերեսային գնահատականներով Ռուսաստանը «կքայքայվի, եթե մի փոքր էլ ճնշեն»։ Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես են նրանք պատկերացնում, որ հնարավոր է մեկուսացնել մի երկիր, որը զբաղեցնում է ցամաքի 14 տոկոսը։ Դա պարզապես անհնար է։ Նայելով Ռուսաստանի սահմաններին՝ նրանք պետք է հասկանային, որ Ռուսաստանին մեկուսացնելն անհնար է, իրենք իրենց են մեկուսացնում ցամաքի 14 տոկոսի բնական հարստություններից։ Այդպես էլ եղավ։ Հիմա հետաքրքիր է, որ պատերազմի երրորդ տարում Ռուսաստանի մասին պատկերացումները բոլորովին այլ են։ Ռուսաստանն էլ ավելի բարձր կարգավիճակ է զբաղեցրել։ Սա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ռուսաստանը ցույց տվեց, որ հաջողությամբ պրոքսի պատերազմ է մղում ՆԱՏՕ-ի դեմ, և դա աշխարհում Ռուսաստանի մասին ընկալումը բարձրացրեց բոլորովին այլ մակարդակի։ Երբեմն լինում է, որ ինչ-որ վատ թվացող բան անսպասելիորեն հանգեցնում է այլ կարգավիճակի։ Այդպես էլ եղավ։ Հիմա բանակցությունները հաջող կանցնե՞ն, թե՞ ոչ։ Շատ բարդ է։ Հակասությունները շատ են։ 4 մարզ և մեկ հանրապետություն ներառված են ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանադրություններում։ Ակնհայտ է, որ Ուկրաինան չի հրաժարվի, Ռուսաստանը երբեք դա չի անի»,- նշել է Քոչարյանը։

Նախկին նախագահը հնարավորություն է տեսնում շփման գծով սառեցման մեջ։ «Բայց նույնիսկ սառեցումն առանց հստակ երաշխիքների, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, չեմ կարծում, որ Ռուսաստանը կգնա դրան։ Իմ տպավորությամբ՝ բոլորն ուզում են ցույց տալ, թե իբր ավելի շատ են հակված բանակցություններին, քան իրականում կա, և հատկապես ուկրաինական կողմը։

Թրամփի որոշ հայտարարություններից հետո մրցակցություն է գնում, թե ով է ավելի շատ խաղաղության հաստատում ուզում։ Հակասությունները չափազանց շատ են։ Բարդությունները եվրոպացիների համար և թե ինչու են նրանք նյարդայնանում, հատկապես ֆրանսիացիներն ու բրիտանացիները, այն է, որ սկզբում շատ բարձր հայտարարություններ էին հնչում։ Ասում էին, որ պետք է հասնեն Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ Ես վերջին մամուլի ասուլիսում ասել եմ, որ Եվրոպան լիդերության լուրջ ճգնաժամ ունի։ Մարդիկ կարծես «լայքերով» են ապրում (նկատի ունի սոցիալական ցանցերը)։ Ոչ ոք մի քանի տարի առաջ չի մտածում։ Ապրում են րոպեով, ընտրությունից ընտրություն կամ շաբաթական վարկանիշով՝ անընդհատ փորձելով դուր գալ։ Նման քաղաքականությամբ անհնար է առաջ շարժվել։ Երբ համեմատում ես Եվրոպայում այս իրավիճակը Չինաստանի կամ ՌԴ նախագահի քաղաքականության հետ, ռազմավարական մտածողության և հեռանկարին ուղղված հայացքի տեսանկյունից համեմատության եզրեր անգամ չկան։ Սա Եվրոպայում լիդերության ճգնաժամ է։

Ես առայժմ լավատեսություն չունեմ։ Ինչ-որ պահի կկանգնեն, որովհետև պատերազմից հոգնում են, կանգ առնելու մոտիվացիան ավելի մեծ է, քան շարունակելու մոտիվացիան։ Բայց մոտեցումները չափազանց տարբեր են։ Դժվար է ասել, թե ինչպես է հնարավոր դա մեկ ընդհանուր հայտարարի բերել։ Բայց ինչ-որ պահի կկանգնի։ Սա ես հնարավոր եմ համարում։ Բայց դա արդեն ավելի շատ կախված կլինի Ռուսաստանից՝ կհամաձայնի՞, թե՞ ոչ»,- եզրափակել է նախկին նախագահը։

  • Կիսվել: