ԱՆ տեղակալը Առողջապահության ազգային ինստիտուտում մասնակցել է ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մասնակցել է «Անհետաձգելի բուժօգնության» հետդիպլոմային մասնագիտացման ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում:
Ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ «Yale» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ միջոցառմանը ելույթ են ունեցել Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՄՆ հեղինակավոր «Yale» համալսարանի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր և ԱԱԻ-ի հրավիրյալ պրոֆեսոր Շերոն Չեքիջյանը:
Վերջիններս ընդգծել են այս ոլորտում հետբուհական կրթության կարևորությունը բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպման համատեքստում:
Շնորհավորելով ծրագրի մասնակիցներին` Արմեն Գասպարյանը նշել է.
«Լիահույս եմ, որ «Yale»-ի համալսարանի գործընկերների աջակցությամբ և մասնակցությամբ մշակված և իրականացված անհետաձգելի բուժօգնության մասնագիտացման կրթական ծրագիրը համալրել է Ձեր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները` մոտեցնելով դրանք ընդունված առաջատար, միջազգային չափանիշներին: Լինելով ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող մասնագետներ` համոզված եմ, որ կշարունակեք Ձեր մասնագիտական գործունեությունը` ի նպաստ առողջապահական համակարգի և մեր բնակչության առողջության բուժօգնության տրամադրմանն ու բարելավմանը»:
Միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական այս ծրագիրն իրականացվում է Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` հմուտ մասնագետների ներգրավմամբ և կրելու է շարունակական բնույթ: