ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս

Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր ուսումնական տարում կարևորվելու են դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ուղղված քայլերը։

Տարեսկզբին մեկնարկած  նախաձեռնությունը, որի շրջանակում դպրոցականների համար այցելություններ են կազմակերպվել տարբեր գիտական ինստիտուտներ, կլինի շարունակական։ Առաջիկայում կգործարկվի հարթակ, որի միջոցով դպրոցները կկարողանան գրանցվել տարբեր գիտական ինստիտուտներ այցելության համար։ Այդ այցերը  կդառնան նաև կրթական ծրագրի պարտադիր մաս։

«Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև այդ այցելությունների մեծ մասին անձամբ ներկա լինելով՝ տեսնում եմ, թե ինչպես է փոխվում երեխաների վերաբերմունքը։ Նրանք առարկայական և շոշափելի ձևով տեսնում են, թե ինչպես է իրականացվում գիտությունը, զրուցում են տարբեր ոլորտների գիտնականների հետ։ Կարծում եմ՝ դրանով էապես փոխվում են թե՛ նրանց մասնագիտական կողմնորոշման, թե՛, ընդհանրապես, մեր հանրության և պետության կյանքում գիտության դերի վերաբերյալ պատկերացումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախաձեռնությունը, ըստ նախարարի, շարունակությունն է նաև այն քաղաքականության, որի շրջանակում նախատեսվում է բոլոր դպրոցներն ապահովել բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով։

 

  • Կիսվել: