երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության

Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության

Արտաքին քաղաքականության մեջ անշրջահայաց եւ հախուռն գործողություններով նոր իշխանությունը մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ պատրաստ  չլինելով դրան ոչ դիվանագիտական, ոչ ռազմական ճակատում, ինչն ապացուցվեց 44-օրյա պատերազմի օրերին: Այս մասին այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Փաստացի Հայաստանի եւ Արցախի համար կենսական կարեւորություն ունեցող վճռական փուլում մենք մնացինք միայնակ՝ չունենալով մեր դաշնակիցների միանշանակ աջակցությունը եւ կորցնելով հակառակորդների հետ արժանապատիվ երկխոսության հնարավորությունները: Իսկ պատերազմի բուն ընթացքում ուժային կառույցներում բարձրագույն ղեկավարության հաճախակի փոփոխությունները, իշխանությունների քաղաքականության անկանխատեսելի վարքը ցույց տվեցին, որ երկրի  ռազմաքաղաքական վերնախավը համարժեք չէ ծառացած մարտահրավերների առաջ:

2020-ի աղետներին հաջորդեցին արտաքին հարաբերություններում շարունակական նահանջ եւ ձախողումներ, որոնք իրենց գագաթնակետին հասան 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը բռնի տեղահանության ենթարկեց ԼՂ բնակչությանը: Արցախում հազարամյակներ գոյություն ունեցող հայկական պետականությունն իսպառ ոչնչացվեց:

Հայաստանի գլխին կախված վտանգը շարունակում է սպառնալ պետության կենսունակությանը»,- ընդգծեց Հայկ Մարությանը:

  • Կիսվել: