երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է ՏԻՄ-երի գործունեությանը. «Անկախ դիտորդ»

Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է ՏԻՄ-երի գործունեությանը. «Անկախ դիտորդ»

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որ դիտորդական առաքելություն է իրականացրել ՏԻՄ ընտրությունների ժամանակ, տարածել է հայտարարություն ՏԻՄ օրենքի փոփոխությունների վերաբերյալ։

«Անկախ դիտորդ»-ի տարածած հայտարարության մեջ ասված է. «2022 թ․ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի անցումային դրույթները փոփոխող նախագիծ, որով ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար:

Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Օրենքի անցումային դրույթները սահմանում են, որ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած, և նոր ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները։

Վանաձոր համայնքի 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը մերժվել է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին: Համապատասխանաբար՝ դեկտեմբերի 22-ին Վանաձոր միավորված համայնքի նոր ավագանին ստանձնել է իր լիազորությունները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոքարկել էր Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որն այն վարույթ չի ընդունել։

Վերաքննիչ դատարանի այս որոշումը Կուսակցությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որտեղ վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս կայացված չէ։ Միաժամանակ կուսակցության զուգահեռ հայցով Վարչական դատարանն արգելել է համայնքի ղեկավարի ընտրության հարցով Վանաձոր համայնքի ավագանու նիստերի անցկացումը մինչև արդյունքների վերաբերյալ վերջնական վճռի կայացումը։ Նիստերի վրա սահմանված արգելանքի վերաբերյալ հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 20-ին։

Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ, որի արդյունքում արդեն 3 ամսից ավելի Վանաձոր համայնքը չունի համայնքի ղեկավար և գործող ավագանի»։

 

  • Կիսվել: