երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նիկոլը «նվերներ» է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին իր սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ վերջիններից պահանջով. Ֆարմանյան

Նիկոլը «նվերներ» է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին իր սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ վերջիններից պահանջով. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, մասնավորապես այն դրվագին, երբ նա համեմատել է Արևմտյան Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հետ։
 
Այս առնչությամբ Ֆարմանյանը մասնավորապես նշել է. «Նիկոլի պատմաաշխարհագրական վերջին գոհարի մասին քննադատական շատ փաստարկներ հնչեցին: Իմ տպավորությամբ, սակայն, շրջանցվեց ամենակարևորն ու անտեսվեց ամենավտանգավորը: 
 
Դա պաշտոնական Անկարայի ու Բաքվի արձագանքն էր: Թուրքիայում Փաշինյանի «նվերը» մեծ հաշվով անտեսվեց՝ պաշտոնական շրջանակներից մինչև լրատվամիջոցներ, երբ թվում էր, թե պիտի լիներ հակառակը: Ադրբեջանում իր հերթին այն չգնահատվեց ինչպես հարկն է՝ դառնալով ծաղր ու ծանակի նոր առարկա:
 
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Նիկոլի նման «նվերները» ոչ այնքան Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղիղ թելադրանքի հետևանք է՝ ստիպում են ասում է, ինչպես տարածված է մեզանում, որքան իր անձնական, սեփական նախաձեռնությունը:
 
Անխոհեմորեն կազմաքանդելով Հայաստանի անվտանգության համակարգն ու հետևողականորեն ծծելով նրա դիմադրողականությունը, արտաքին ճակատագրական նոր մարտահրավերներին դեմ հանդիման, Նիկոլն այս կերպ միայն իրեն հայտնի դիվանագիտական «ճարպկությամբ», ըստ էության, ջանում է կանխարգելել գալիք նոր փորձանքը՝ հասկացնելով, որ անձամբ պատրաստ է ամեն ինչի՝ իբր զերծ պահելու այդ երկրներին նոր ագրեսիայից:
 
Ահա, Թուրքիայի ու Ադրբեջանի համարժեք արձագանքի բացակայությունը Նիկոլի «նվերներին» ինձ շատ ավելի է մտահոգում, քան նիկոլական ձախորդ դիվանագիտությունը: Այդպես, սովորաբար, լինում է, երբ գրպանումդ արդեն իսկ ունես առաջարկվողից ավելիին հասնելու երաշխավորված ծրագիր»:

  • Կիսվել: