ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Վովաևիչի խոսքից հետո հիշեցի Ստանիսլավսկուն ու Բուլգակովին. Զախարովան՝ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ի՝ ՀՀ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Վովաևիչի խոսքից հետո հիշեցի Ստանիսլավսկուն ու Բուլգակովին. Զախարովան՝ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ի՝ ՀՀ-ից դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Վովաևիչի խոսքից հետո հիշեցի Ստանիսլավսկուն ու Բուլգակովին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ ՛՛ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանից՛՛։

՛՛Սրանք Միխայիլ Բուլգակովի խոսքերն են՝ ՛՛Ո՞վ ում վրա էր կանգնել՛՛, և Կոնստանտին Ստանիսլավսկու՝ ՛՛Պետք է սիրել արվեստը քո մեջ, ոչ թե քեզ արվեստի մեջ՛՛,-ասաց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելեց, որ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ եզրակացությունները թողնում է լրագրողների հետագա ուսումնասիրությանը։ 

Լրագրողի հարցին՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, Զախարովան արձագանքեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։

՛՛Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել՛՛,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

  • Կիսվել: