ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի ժամանակ եղած խնդիրների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի ժամանակ եղած խնդիրների մասին

Այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում էլ  խնդիրներ եղել են:

՛՛Այդ խնդիրները եղել են ոչ միայն զուտ կազմակերպչական բնույթի, այլև եղել են նաև ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ: Ես իմ ուղերձներից մեկում ասացի, որ պարզվեց՝ մեր զինված ուժերի կիրառման պլանի առումով բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսով այն համակարգը, որ ունենք, այդքան էլ արդյունավետ չի գործում: Եվ մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք: Պետք է լրջորեն մտածենք մեր բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի փոփոխությունների մասին՛՛,-պարզաբանեց նա:

Վարչապետի խոսքով՝ պատերազմի ընթացքում, օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը լիովին իրեն արդարացրել է: Նրա խոսքով՝ դա այն կարևոր նրբություններից էր, որն իրականության մեջ ցույց տվեց, որ այդ բարեփոխումն իրեն լիովին արդարացրել է: ՛՛Բայց եղան նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի համատեքստում, որոնք ցույց տվեցին, որ զորահավաքային այն պլանները, որոնք գոյություն ունեն, այդքան էլ չեն համապատասխանում մեր իրողություններին՛՛,-ասաց Փաշինյանը:

նա նաև նշեց, որ զորահավաքային պլանները, որոնք գոյություն ունեն, այսպես ասած, ավանդույթային են: Դրանք այնպես չէ, որ տարին մեկ, 2 տարին մեկ փոխվում են:
 
՛՛Իրենք ինստիտուցիոնալ կառույց են, որոնք շատ վաղուցվանից ստեղծվել են, ձևավորվել են, բայց քանի որ այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում դրա բացերն ուղղակի չեն երևացել, և մենք առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ դա աշխատող համակարգ է: Բայց դա հին համակարգ է, որը նոր պայմաններում ուղղակի չի աշխատում՛՛,-հավելեց վարչապետը:
 

Ըստ նրա՝ պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: 

Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Ի միջի այլոց՝ 2018 թվականից դա բանակում տեղի ունեցող հաջորդ կարևոր բարեփոխումն էր, որը պլանավորվել և մեկնարկել էր ընդամենը 2019 թվականի կեսերից, երբ հատուկ նշանակության ջոկատներն ավելի ու ավելի մեծ տեղ պիտի զբաղեցնեին մեր բանակում՝ որպես հարվածային ուժ:

Բայց, ըստ էության, պատերազմի մեկնարկի պահին, ի տարբերություն սննդի համակարգի բարեփոխումների, այս բարեփոխումները չէին հասել իրենց տրամաբանական ավարտին: Եվ այդ առումով այս տարածքում է, որ բավական կազմակերպչական թերություններ եղան՛՛:

  • Կիսվել: