հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց երեկվա իր գրառումը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց երեկվա իր գրառումը

Երեկվա գրառմանս հետ կապված մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են գործում մանիպուլյատիվ մեխանիզմները։ Այս մասին  առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով իր երեկ ուշ գիշերին արված գրառումը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։

Վարչապետը ևս մեկ անգամ ընթերցեց իր գրառումը՝ տող առ տող մեկնաբանելով իր ասելիքը։

 Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Ըստ վարչապետի՝ «սպասում եմ ձեզ Երևանում» արտահայտությունն է, որից մարդիկ ենթադրել են, թե բախումների կոչ կա։ Ասում է՝ բազմաթիվ տղաներ զորացրվել են, և շատերը ցանկություն են հայտնում իր հետ հանդիպելու, ուստի հարկ է համարել հրապարակային ասել, որ պատրաստ է հանդիպել նրանց։ Ինչ վերաբերում է իր այն արտահայտությանը, թե սպասում է, որպեսզի վերջնականապես լուծեն «պատերի տակ վնգստացողների հարցերը», վարչապետն ասում է՝ ձևակերպումը, իհարկե, կոշտ է, բայց խոսքն այն մասին է, որ տղաների հետ խոսակցությունից հետո վերջնականապես կմարեն այն հարցերը, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դավադրության մեջ է ներքաշված եղել․ «Ով, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը։ Ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականը։ Ոչ մեկ առաջնագծից Երևան չի վերադառնում զինված, որովհետև դրված են հատուկ անցակետեր, որտեղից այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, նրանք իրենց զենքերը հանձնում են»։

 Փաշինյանի խոսքով ՝ առաջնագծից հնչող ուղերձներում երբեմն նաև կոշտ բառապաշար է հնչում, բայց դրա պատճառը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք ըստ վարչապետի՝ քաղաքական որևէ ուժի կողմից դատապարտման չարժանացան․ «Նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր է, իսկ դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող տղաների կողմից»։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելում է՝ հայտնի գիշերը տեղի ունեցած անկարգությունները չզսպվեցին իրավապահ համակարգի կողմից, որովհետև և՛ ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի, և՛ ՊՊԾ զորքերի հսկայական հատված գտնվում էր առաջնագծում, և մայրաքաղաք Երևանում կային շատ սահմանփակ ուժեր։

 

  • Կիսվել: