երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Բարձր ենք գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Գրիգորյան

Բարձր ենք գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Գրիգորյան

Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար: Այս մասին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ելույթում Գրիգորյանը, մասնավորապես, ասել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ։

Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և անկեղծ բարեկամության վրա:

Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը, ինչը նպաստում է Հայաստան-Իրան փոխգործակցության կայուն զարգացմանը:

Մեր երկրների կառավարությունները դրսևորում են անհրաժեշտ քաղաքական կամք և գործադրում են բոլոր ջանքերը քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և միջպետական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Ասվածի վառ ապացույցն է մեր երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը:

Ողջունում ենք իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում:

Չափազանց կարևորում ենք նաև Հայաստանի և Իրանի ղեկավարների, ինչպես նաև մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների տարբեր թևերի միջև հաստատված սերտ շփումներն ու կառուցողական համագործակցությունը:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ Իրանի նախագահի տեղակալ հարգարժան Դավուդ Մանզուրի և իմ համանախագահությամբ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Վստահ եմ, որ նիստի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել առանցքային մի շարք հարցեր, ամփոփել կատարված աշխատանքը, ինչպես նաև նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային նոր ծրագրեր:

Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր կառավարությունը բարձր է գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բարեկամ Իրանի ժողովրդին:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքեր կգործադրենք մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության»:

  • Կիսվել: