ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախընտրական անակնկալները շարունակվում են. Ի՞նչ նոր խաղացողներ կհայտնվեն հայաստանյան քաղաքական դաշտում ընտրություններից առաջ

Նախընտրական անակնկալները շարունակվում են. Ի՞նչ նոր խաղացողներ կհայտնվեն հայաստանյան քաղաքական դաշտում ընտրություններից առաջ

Հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները աննախադեպ են լինելու դրանցում նոր քաղաքական ուժերի մասնակցության առումով: Ընդ որում այդ քաղաքական ուժերը սնկի նման աճում են ընտրություններին ընդառաջ: Հետաքրքիրն այն է, որ դրանց հիմնական մասը ֆինանսավորվում է ռուսական կապիտալի միջոցով` կամ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի բիզնեսմենների կողմից, կամ ռուսական «համապատասխան» կառույցների կողմից:

Եվ այսպես InfoPort.am-ին հայտնի դարձավ, որ ընտրություններին ընդառաջ ի հայտ կգան ևս երկու նոր խաղացողներ գործարար շրջանակներից: Դրանցից մեկը ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը Հայաստանում արդեն կուսակցություն է գրանցել: Այդ քաղաքական ուժի ստեղծման մասին պաշտոնապես կհայտարարվի թերևս հաջորդ շաբաթ:

Մյուս խաղացողը` հայ հանրությանը քաջ հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանն է: Արզաքանցյանը տարբեր ժամանակներում տարբեր ուժերի կողմից եղել է պատգամավոր, հետագայում նրա քաղաքական և գործարար աստղը մարել է, բայց, ինչպես ժամանակն է ցույց տալիս, ոչ ընդմիշտ:

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների Արզաքանցյանին բախտը սկսել է նորից ժպտալ, երբ նա ամուսնացել է ռուսաստանցի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ` Նատալյա Ռոտենբերգի հետ: Ներկայումս Արզաքանցյանը գտնվում է Հայաստանում և որոշել է ուժերը չափել գալիք ընտրություններում: Հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն այլ գործարարների և քաղաքական նորելուկների, նա նոր քաղաքական ուժ չի ստեղծել, այլ գնացել է շատ ավելի հեռատես, կարելի է ասել, բիզնես օպերացիայի: Բանն այն է, որ Արզաքանցյանը «հովանավորելու է» «Ժառանգություն» կուսակցությունը, որի նախկին «ոսկե» կազմից գրեթե ոչինչ չի մնացել, բայց մնացել է «բրենդը»:

Ըստ կայքի աղբյուրի` Արզաքանցյանը արդեն լուրջ ֆինանսներ է ներդրել ապագա նախընտրական քարոզարշավի համար` ի տարբերություն այլ գործարարների, որոնք հակված չեն գոնե այս պահի դրությամբ «բացել իրենց քսակները»:

Արզաքանցյանը արդեն վարձակալել է փողոցային մեծ գովազդային վահանակները` քարոզարշավը սկսելուն պես դրանց վրա կփակցվեն իր և կուսակցության պոստերները: Մեր աղբյուրի հավաստմամբ Նատալյա Ռոտենբերգը որոշել է ֆինանսներ չխնայել ամուսնու քաղաքական վերելքը ապահովելու համար:

  • Կիսվել: