կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Նախորդ իշխանությունը չի բացառել տարածքների վերադարձը և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին. Ալեն Սիմոնյանը՝ հող հանձնելու լուրերի մասին

Նախորդ իշխանությունը չի բացառել տարածքների վերադարձը և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին. Ալեն Սիմոնյանը՝ հող հանձնելու լուրերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները դադարել են այն ժամանակից, երբ նա հայտարարել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ նախորդ իշխանության հետ բանակցությունների փուլում առաջընթաց են ունեցել, նշանակում է, որ նախորդ իշխանությունը չի բացառել տարածքների վերադարձը և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս մասին շատ է խոսվել, այս մասին իր հարցազրույցում ասել է նաև Սերժ Սարգսյանը և հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ Ալիևի համար Նիկոլ Փաշինյանը հարմար բանակցող չէ, որովհետև Փաշինյանը ներկայացրել և ներկայացնում է հայ ժողովրդի շահերն ու հարմարությունները»,-ասաց նա:

Նա նշեց, որ Կառավարության և Խորհրդարանի կողմից ապահովվում է ռազմաճակատի դիվանագիտական մասը, որը հաջողել է, քանի որ որոշ երկրներ չեն թաքցնում իրենց համակրանքը, իսկ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների ելույթները բոլորը դրական են հօգուտ Հայաստանի, բայց վաղ է խոսել բանակցությունների սեղան վերադառնալու մասին, սակայն միակողմանի զիջումների մասին որևէ քննարկում չկա:

 

Խոսելով վարչապետի այն գրառման մասին, թե առաջնագծում որոշ անձինք տարածել են տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնել է և այս պատերազմը պարզապես մսաղաց է, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պահին չի կարող մեկնաբանել, սակայն այս պահին ընթացող քննության արդյունքում հստակ անուններ կիմանանք, հստակ գործողություններ կլինեն:

«Մեր քաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, ում մասին է խոսքը, ով է փորձում իր մանր, անձնական և քաղաքական շահերն այստեղ, այս պատերազմի շնորհիվ տաքացնել և առաջ տանել: Այսօր երևում է, որ թե՛ ԼՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի հետ միասնականություն կա, բայց կան մարդիկ, որ փորձում են և փորձելու են իրենց շահերն առաջ տանել»,-նշեց նա։

Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց, թե ինչ հիմքերով է աշխատանքից ազատվել ԱԱԾ տնօրենը և ասաց, որ չի կարող շեշտել, թե կապ կա վարչապետի գրառման հետ: Ներկա պատերազմական իրողության մասին Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պայքարն արդեն հաղթանակ է, իսկ հակառակորդի ներկայացրած ինֆորմացիաները ոչ միշտ են ճիշտ, քանի որ մեկ լուսանկարի համար ադրբեջանական կողմը առաջ է գալիս, հետո կրկին հետ շպրտվում:

  • Կիսվել: