շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախկին իշխանավորների փաստաբանները լրիվ քաղաքական գործիչներ են դարձել ու մոռանում են, որ պաշտպան են․ Հովիկ Արսենյան

Նախկին իշխանավորների փաստաբանները լրիվ քաղաքական գործիչներ են դարձել ու մոռանում են, որ պաշտպան են․ Հովիկ Արսենյան

Փաստաբանների պալատի փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով, հիմա մի տեսակ մոդա է դարձել՝ փաստաբանները վեր են կենում ու քաղաքական հայտարարություններ անում։ Եվ այդպես, ըստ Արսենյանի, աշխատում են տարբեր քրեական գործերով անցնող նախկին իշխանության ներկայացուցիչների փաստաբանները։

«Հիմա շատ տարածված է կարծես, հիմնականում նախկին իշխանավորների փաստաբանները մի նախադասություն խոսում են իրավական հարթությունից, իսկ մնացած նախադասությունները քաղաքական վերլուծություններ են», -InfoPort.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փաստաբան Հովիկ Արսենյանը։

Նա հիշեց, որ 2008-ին մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ծնված «7-ի գործով» քաղաքական հետապնդման մասին իր մի հայտարարությունը առիթ եղավ, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխան կոչով հանդես գա։

«Այն դեպքում, երբ իրականում «7-ի գործը» իսկապես քաղաքական հետապնդում էր ես այդ մասին մի փոքր հայտարարություն արեցի, այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը արձագանքեց, թե պաշտպանները իրենց լիազորությունները անցել են ու քաղաքական հայտարարություններ են անում։ Ընդամենը մի նախադասություն էի ասել այն դեպքում, որ ճիշտ էի ասել, այսօր իրավիճակը այդ գործերով ցույց է տալիս, որ իսկապես այդպես էր՝ ամբողջ մարտի 1-ի գործով կալանավորվածներն ու հետապնդվածներն արդարացվում են։ Իսկ հիմա փաստաբանները լրիվ քաղաքական գործիչներ են դարձել ու մոռանում են, որ պաշտպան են, փաստաբան են ու միայն իրավական հարթությունում պետք է պաշտպանեն իրենց վստահորդներին։ Այ այդ հարթության վրա պետք է փորձեն ու կարողանան հիմնավորել պաշտպանությունը, որը չեն կարող», -հավելեց Հովիկ Արսենյանը։

Նրա համար տարօրինակ է՝ ինչը կարող է փաստաբանների մոտիվացիան լինել, բայց համոզված է՝ փաստաբանի նման վարքագիծը վարկաբեկող երևույթ է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ։

  • Կիսվել: