երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում․ Արսեն Թորոսյան

Նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարն ասաց, որ դեռեւս 2018 թվականի կեսերից որոշվել էր վերանայել Հայաստանում ծնունդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը.

«Ժամանակին տրվում էին կարգերի շնորհման նախարարի հրամաններ, որոնց տակ որեւէ հիմնավորում չկար։ Այսինքն՝ կար Երեւանում ծննդատուն, որն ընդունում էր տարեկան մոտ 200 ծնունդ՝ ուներ երրորդ կարգ։ Այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը նույն ծնունդն ընդունելու համար ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգինը։ Դրա համար կազմվեց մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին թե շենքային պայմանները, թե սարքավորումներով հագեցվածությունը, թե բաժանմունքների առկայությունը,  թե բժշկական կադրերով հագեցվածությունը, թե կադրերի մասնագիտական պատրաստվածությունը եւ ծնունդների քանակը։ Ծնունդների քանակը եւ բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական է այդ ծառայությունների մատուցման որակին, դա առողջապահության մեջ աքսիոմ է»։

Նրա խոսքով՝ եթե կա որեւէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, եւ կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանաշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է։

  • Կիսվել: