ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախարարությունը կոչ է անում դեմ քվեարկել ծխախոտի մասին օրենքի դրույթները հետաձգելու մասին նախագծին

Նախարարությունը կոչ է անում դեմ քվեարկել ծխախոտի մասին օրենքի դրույթները հետաձգելու մասին նախագծին

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը և կյանքը: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին:

Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն: Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: