ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միջպետական ուղևորափոխադրումները կանոնակարգելու մասին ԲՀԿ-ական պատգամավորների օրինագիծը խորհրդարանը ընդունեց

Միջպետական ուղևորափոխադրումները կանոնակարգելու մասին ԲՀԿ-ական պատգամավորների օրինագիծը խորհրդարանը ընդունեց

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթը, որի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը և Արթուր Գրիգորյանն են։ Պատգամավորները այս նախագծով առաջարկում են կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը:

Մասնավորապես, առաջարկվում է, որ որ միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագրույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս:

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն 45-րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել 15-րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք:

Կառավարությունը ներկայացված նախագծի վերաբերյալ սկզբում դեմ էր, հետո ձեռնպահ դիրքորոշում որդեգրեց, սակայն խորհրդարանական մեծամասնությունը կողմ էր նախագծին և աջակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։

  • Կիսվել: