չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախագահի պասիվ դերակատարումը ՍԴ հարցում կասկածների առիթ է տալիս․ Բաբաջանյանը՝ Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին

Նախագահի պասիվ դերակատարումը ՍԴ հարցում կասկածների առիթ է տալիս․ Բաբաջանյանը՝ Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին

Նախագահի պասիվ դերակատարումը կասկածների առիթ է տալիս։ Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ ակցիայի ժամանակ հայտարարել է «Հանուն Հանրապետության» նախաձեռնության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Նախագահի ակտիվ դերակատարումը, ակտիվությունը այս հարցում ուղղակի պատասխանատու վերաբերմունք կլինի նրա սահմանադրական առաքելության իրագործման նկատմամբ և հարցեր չի առաջացնի»,- նշեց նա։

Բաբաջանյանը հայտնեց, որ իրենք կոչ են հղում նախագահին, որ նա ձեռնամուխ լինի Սահմանադրության 123-րդ հոդվածով իրեն վերապահված կարևորագույն գործառույթներին և շուտափույթ կերպով հայտարարի Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար յուրաքանչյուր սահմանադրական մարմնի մեկական թեկնածուի առաջադրման գործընթացը և դրա վերաբերյալ խորհրդակցություններ սկսի մասնագիտական խմբերի, հասարակական կազմակերպությունների, առանձին մասնագետների հետ։

«Դրանով նա էապես կլիցքաթափի ներքաղաքական այս լարված իրավիճակը, որը մեր համոզմամբ մեծապես պայմանավորված է նաև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամով»,- նշեց Բաբաջանյանը։

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Բաբաջանյանը համեմատեց 2018 թվականի ապրիլի 21-ին ստեղծված իրավիճակի հետ, երբ ժողովուրդը Հանրապետության հրապարակում սպասում էր նախագահին․

«Նախագահի քայլը՝ Հանրապետության հրապարակ գալը, էապես լիցքաթափեց և հանգուցալուծեց հեղափոխության ընթացքը և վճռեց հեղափոխության հաղթանակը»։

  • Կիսվել: