երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մտահոգիչ է, որ պատերազմից հետո 4 տարի մենք անընդհատ կորցնում ենք․ Կապանի քաղաքապետ

Մտահոգիչ է, որ պատերազմից հետո 4 տարի մենք անընդհատ կորցնում ենք․ Կապանի քաղաքապետ

Ներքին Հանդ բնակավայրը ներկա դրությամբ երեք կողմից գտնվում է շրջապատված, եւ սեպտեմբերյան ագրեսիվ մարտական գործողությունների հետեւանքով գյուղի բնակիչները զրկվել են կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ռեսուրսներից, նույնիսկ գերեզմանոցը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով, 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապան համայնքի վարչական տարածքներից օկուպացվել է 2700 հա հողատարածք։ 

Կապանի քաղաքապետին մտահոգում է Հայաստանի այսօրվա անվտանգային իրավիճակը։ «Ակնհայտ է, որ հանրության մեջ այդ մտահոգությունները կան։ Եվ, իհարկե, մտահոգիչ է այն իրավիճակը, որ արդեն պատերազմից հետո 4 տարի մենք անընդհատ կորցնում ենք»։Գևորգ Փարսյանի կարծիքով, այս պահին դեռ վաղ է խոսել հայկական տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու մասին, քանի որ հիմա սահմանագծման-սահմանազատման գործընթաց է ընթանում, հույս հայտնելով, որ հարցի լուծումը կտրվի խաղաղ ճանապարհով։ 

Անդրադառնալով հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելուց հետո համայնքների համար ինչ խնդիրներ են առաջացել, քաղաքապետն ասաց, որ կառուցվել են այլընտրանքային ճանապարհներ։ «Սկզբնական շրջանում բարդ էր ճանապարհը հատկապես ծանրաքարշ մեքենաների համար, կառուցվեց Կապան-Լծեն ճանապարհահատվածը, որը հիմա էլ իր խնդիրներն ունի։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում քարաթափումներ եւ երթեւեկության հետ կապված բավական խնդիրներ են առաջացնում»,- նշեց Փարսյանը։

 Հարցին, թե ինչո՞ւ են Կապան-Երեւան չվերթները ոչ հաճախակի տեղի ունենում, նա նշեց, որ դրա պատճառը հիմնականում եղանակային պայմաններն են, քանի որ համապատասխան սարքավորումները դեռ ձեռք չեն բերվել, որպեսզի վատ եղանակային պայմաններին չվերթ իրականացվի։ Իսկ հնարավո՞ր է, որ դրա պատճառը ադրբեջանցիների կրակոցներն են և այն, որ օդանավակայանը մշտապես Ադրբեջանի նշանառության տակ է, դիտարկմանն ի պատասխան քաղաքապետը ասաց․

«Մինչեւ սեպտեմբեր ամիսը կային անկանոն կրակոցներ, որոնք անվտանգային խնդիրներ էին առաջացնում, բայց տեւական ժամանակ է՝ արդեն ամիսներ է, որ երբեւիցե խնդիր այդ առումով չենք արձանագրում։ Հիմա չվերթների սակավությունը կամ ոչ հաճախակի լինելը կապված է զուտ եղանակային պայմանների հետ»։

Իսկ անվտանգային իրավիճակով պայմանավորված Կապանից արտագաղթ կա՞, Փարսյանը վստահեցրեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ Կապանից արտագաղթ չկա։

«Բնակչության այն քանակը, որը կար սահմանամերձ բնակավայրերում, բնակչության այդ քանակը պահպանվում է մինչեւ այսօր»։

Նա նաև նշեց, որ բռնի տեղահանված մոտ 900 արցախցի է բնակություն հաստատել Կապանում, որոնց խնդիրները փորձում են լուծել համայքային և գործընկերների միջոցներով, հայտնում է news.am-ը:

  • Կիսվել: