ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները կքննարկեն նաեւ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը

Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները կքննարկեն նաեւ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այս մասին խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Ռուսաստանի դեպքում տեղյակ ենք, որ զգայուն վերաբերմունք կա ԵՄ առաքելության տեղակայման շուրջ։ Հարցը քննարկում ենք գործընկերների հետ: Գիտեք, որ շուտով ՀՀ ԱԳ նախարարի այցն է Մոսկվա, այդ հարցը այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»,- ասաց նա։

Փոխարտգործնախարարն անդրադարձավ նաեւ Եվրամիության առաքելության տեղակայման շուրջ առաջացած հարցերին։

«Մենք այդ ուղղությմաբ շարունակում ենք բացատրական աշխատանք տանել, բացատրել, թե ինչն է պատճառը, առաքելության նպատակները որոնք են։ Օրինակ, Իրանի կողմից, որը նույնպես շատ զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների ստեղծման հարցում, բավականին դրական արձագանք հնչեց։ Իրանի դեսպանը հայտարարեց, որ նրանք չեն տեսնում որեւէ խնդիր առաքելության տեղակայման շուրջ։ Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է, այո, պետք է շարունակենք աշխատանքները այլ գործընկերների հետ, այդ առումով շատ  տեղեկատվություն ներկայացնենք»,- ասաց նա։

  • Կիսվել: