ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոնակոյի իշխանը հույս է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի

Մոնակոյի իշխանը հույս է հայտնել, որ ԼՂ-ում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի

Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ զրույցում հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի, տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Առանձնազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, երբ դեսպան Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխանին:

«Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Նշելով, որ մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Իշխանը հույս հայտնեց, որ խաղաղությունը շուտափույթ կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում:

Ալբեր Երկրորդը նաև հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-մոնեգասկյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

«Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ նոր պարտականությունները ստանձնում է երկկողմ միջպետական երկխոսությունն առավել խորացնելու ու հետագա ընդլայնման ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամությամբ։ Ալբեր Երկրորդը ջերմությամբ հիշեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան կատարած իր այցը և իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին»,- նշված է հրապարակման մեջ:

 

1

  • Կիսվել: