կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միրզոյանը հայտնել է՝ ՀՀ-ն դեմ է, որ իր տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից

Միրզոյանը հայտնել է՝ ՀՀ-ն դեմ է, որ իր տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից

Ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանն ոի Ադրբեջանն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Այս մասին նա ասել է թուրքական Անադոլու-ին տված հարցազրույցում:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն:

Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Միրզոյանը նշել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք։»

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»։

ԱԳ նախարարի խոսքով՝ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանեն Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

  • Կիսվել: