հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միրզոյանն ու Կիպրոսի ԱԳ նախարարն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Միրզոյանն ու Կիպրոսի ԱԳ նախարարն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման շարունակությունն է: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների քննարկման ընթացքում կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:

  • Կիսվել: