երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ԵԽ գործընկերության, տարածաշրջանային կայունության հարցեր

Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ԵԽ գործընկերության, տարածաշրջանային կայունության հարցեր

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ Կառավարության առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ, ինչի առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելիության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:

  • Կիսվել: