հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև տարեվերջ Երևանում 50 խաչմերուկ կկարգավորվի խելացի լուսացույցներով

Մինչև տարեվերջ Երևանում 50 խաչմերուկ կկարգավորվի խելացի լուսացույցներով

 Երևանում մինչև տարեվերջ մոտ 50 խաչմերուկում կտեղադրվեն խելացի լուսացույցներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրեց` սկզբում նախատեսված էր այս տարի 13 խաչմերուկում տեղադրել, սակայն դրանց թիվն ավելացվեց: 

«Մենք արդեն անցում ենք կատարում խելացի խաչմերուկներին: Մեր նպատակն է ապահովել, որ խաչմերուկները կարգավորվեն նոր լուծումներով լուսացույցներով: Այսօր աշխատանքներ ենք տանում խելացի լուսացույցների ձեռքբերման ուղղությամբ:  Ասեմ, որ աշխատանքներ իրականացնելիս ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Խաչմերուկների մուտքերի և ելքերի հատվածներում տեղադրվելու են դետեկտորներ, որոնք հաշվելու են տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Ըստ երթևեկության շարժի տարբերության՝ ավտոմատ կերպով կանաչ լույսի տևողությունը հաշվարկվելու է: Այսօր այդ հաշվարկը մարդկային գործոնով է պայմանավորված, արվում է բանաձևերի շնորհիվ, սահմանվում է ռեժիմ, ըստ որոնց էլ լուսացույցներն աշխատում են:

«Դա ճիշտ չէ: Ավտոմեքենաների հոսքերը մեզ մոտ շատ խիստ տարբերվում են: Օրինակ երկուշաբթի առավոտյան 08:30 այլ է, երեքշաբթի՝ այլ:  Հետևաբար, կարևոր լուծում կլինեն նոր լուսացույցները: Այսօրվա դրությամբ ունենք 250-ից ավելի լուսացուցային կարգավորվող խաչմերուկ, որից 200-ում խելացի լուսացույցներով կարգավորելու անհրաժեշտություն կա»,-ասաց Հայկ Սարգսյանը:  

Առաջին փուլում 50 խաչմերուկում նախատեսված փոփոխությունները նախատեսված են կատարել ամենաուշը մինչև նոյեմբեր ամիսներ:

Անդրադառնալով գծանշումների աշխատանքներին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ այս տարվա տեղումնառատ եղանակային պայմանները փոքր-ինչ հետաձգել են աշխատանքները: Դրանից բացի, ներկերի տեխնիկական բնութագրում կատարել են փոփոխություններ, պահանջներն առավել խստացրել են:

«Այս տարի եղանակային պայմանները բարենպաստ չէին, մարտին առատ ձյուն եկավ, մինչև հիմա պարբերաբար առատ տեղումներ են, իսկ գծանշումները հատուկ պայմաններ են պահանջում: Այսինքն՝ անհրաժեշտ է ասֆալտի համապատասխան ջերմաստիճան, որի ժամանակ թույլատրվում է կատարել այդ գծանշումները: Սառը, խոնավ ասֆալտին գծանշումներ չեն անում: Հենց անձրևները դադարեցին, արագ կսկսենք գծանշումները»,-ասաց Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ սերտորեն աշխատում են ոստիկանության հետ:

  • Կիսվել: