շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միկրոձեռնարկության սուբյեկտի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ և հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի

Միկրոձեռնարկության սուբյեկտի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ և հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն, ինչը մինչ այժմ չկար, այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Փոխնախարարը ԱԺ-ում ներկայացնում էր «Պետական նպաստների» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների» մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Փոխնախարարը նշեց, որ միկրոձեռնարկության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Վճարում են եկամտային հարկ՝ ֆիքսված դրույքաչափով՝ ամսական 5000 դրամ, որը, ըստ պաշտոնյայի, իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացրել:

Նախագծով առաջարկվում է վերանայել այդ կարգավորումը: Միկրոձեռնարկության սուբյեկտի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ և հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում հիվանդացել է: Մայրության նպաստը ևս կնշանակվի և կհաշվարկվի գործատուի կողմից:
«Նախատեսվում է, որ ընդհանուր հիմունքներով կնշանակվի ժամանակավոր անաշխատունակության նպաստ և մայրության նպաստ՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այս անձանց հարկման համակարգի առանձնահատկությունները, որ, անկախ եկամտի չափից, անկախ աշխատավարձի չափից, վճարում են ֆիքսված 5000 դրամ եկամտային հարկ, որոշակի կարգավորումներ կտրվեն: Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն և կհաշվարկվեն նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում տվյալ անձինք կատարում են ֆիքսված չափի հարկային պարտավորություն»,- ասաց Սաիյանը:

Նախագծով պարտադիր պայման է սահմանվում, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը պետք է ծագած լինի 2020 թվականի հունվարի 1-ից հետո: Մայրության նպաստի հետ կապված էլ սահմանվում է, որ նպաստը գործատուն կնշանակի և կվճարի միայն այն դեպքում, եթե հղիության, ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո է:
«Անցումային դրույթներով լուծում է տրվում նաև խնամքի նպաստի իրավունքին, մասնավորապես՝ դիմելու դեպքում խնամքի նպաստը կնշանակվի՝ խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից՝ անկախ այս անցած ժամանակահատվածից: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ դրան համարժեք որևէ այլ դրամական վճարում այս քաղաքացիները չեն ստացել»,- ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: