երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Միջազգային կառույցներն ու պետությունները` հայ-ադրբեջանական նոր բախումների մասին

Միջազգային կառույցներն ու պետությունները` հայ-ադրբեջանական նոր բախումների մասին

 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին մարտական գործողությունների առնչությամբ մտահոգությամբ և կողմերին զսպվածության ու կրակի դադարեցման կոչով են հանդես գալիս Կրեմլում: 

«Ամերիկայի ձայն»-ը գրում է.

«Կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները պահպանելու կոչ ենք անում», - ռուսաստանյան ‘’Նովոստի’’ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը, ասել է Պեսկովը, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման ուղղությամբ՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ», ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Նույն բովանդակությամբ հանդես է եկել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը նախօրեին:

«Թուրքիան իր ողջ կարողությամբ շարունակելու աջակցել եղբայրական Ադրբեջանին», հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական բանակի բարձրագույն հրամանատարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Աքարն ասել է. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի զինված ուժերի կողքին՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղը ապօրինաբար զավթած և տարիներ շարունակ ագրեսիվ մոտեցում դրսևորող Հայաստանի: Մենք առաջնորդվելու ենք ‘’մեկ ազգ, երկու պետություն’’ սկզբունքով՝», ասել է նա:

Ինչպես ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ է ասված, այս կազմակերպության քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը», նշում է քարտուղարությունը` կոչ անելով ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում հրադադարի անհապաղ վերականգնում:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում կոչ են արել կողմերին լուծել իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:

«Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը», այսօր հայտարարել է ՀՀԱրտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:

«ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», - ԱԳՆ լրատվության և հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Իսկ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ‘’ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը’’:

Ինչպես ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսն է ասել, «Միացյալ Նահանգները խստագույն կերպով է դատապարտում Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին առկա բռնությունները»: Նա ավելացրել է, ասելով, «Հորդորում ենք կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել միմյանց միջև գոյություն ունեցող հաղորդակցության ուղղակի միջոցները՝ խուսափելու համար իրադրության հետագա սրումից, և խստորեն պահպանել հրադադարը»:

Օրթագուսն այս մասին գրել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում:

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտնել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներով: Այս մասին խորհրդարանի նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ հակամարտություն կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրել է Սիլուրիսը:

Հայ-ադրբեջանական սահմանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ու հետագա լարումը կանխելու կոչով է հանդես եկել նաեւ ՆԱՏՕ-ն: Այս մասին ‘’Ֆեյսբուք’’-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ ուղղված բոլոր կողմերին ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար», - գրել է Ապատուրայը:

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, նշել է, որ բավ է բռնությանն ու սադրանքին: Այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- գրել է պատգամավորը:

Բելառուսի արտգործնախարարությունը եւս դատապարտում է սկսված ռազմական գործողությունները: Հրապարակած հայտարարությամբ նախարարությունը նշում է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

  • Կիսվել: