երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ վկայում է միջազգային կարգի փլուզման մասին. Գևորգյան

Միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ վկայում է միջազգային կարգի փլուզման մասին. Գևորգյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ:

«Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից: Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է: Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա: Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո'չ ստորագրելու, և ո'չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

Պարոն Նախագահ,

Մենք իրավացիորեն մշտապես ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»։

  • Կիսվել: