շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միջազգային ավիացիոն կազմակերպության որոշումը բողոքարկելու ենք․ Տաթևիկ Ռևազյան

Միջազգային ավիացիոն կազմակերպության որոշումը բողոքարկելու ենք․ Տաթևիկ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը,  անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին թե  Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, «Առաջին ալիքի»-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նշեց, որ  որևէ կառույց չի կարող մեր քաղավիացիային զրկել իր իրավասությունները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականության հետ կապ չունի:

 «Խոսքն այն մասին է, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը»,-ասաց նա և տեղեկացրեց, որ պարզաբանումներ են խնդրելու Եվրոպայի գործընկերից, թե ինչո՞ւ են այդքան արագ որոշում կայցրել, քանի որ դեռ իրենք պետք է արձագանքեին դիտարկումներին:

Ըստ Ռևազյանի՝ 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց. 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները:

«Մարտի 6-ին մենք ստացանք մեր դիտողությունները, բայց մեր կարծիքը դեռ մեր գործընկերների մոտ չկա: Դրանից հետո նոր՝ մայիսին, պետք է որոշում կայացվի Բրյուսելում՝ նիստի ընթացքում»,-ասաց նա և ընդգծեց, որ հիմա  իրենց գործընկերներից պարզաբանում են սպասում, թե ինչու են որոշումն այնքան շտապ կայացրել. դա կարող է կապված լինել կորոնավիրուսի խնդիրների հետ:

Տաթևիկ Ռևազյանը նաև նշեց, որ որոշումը բողոքարկելու են: «Երկուշաբթի ուղարկելու ենք մեր դիտողությունները, բավականին շատ դիտողություններ ունենք»,-ասաց նա:

Ըստ կոմիտեի ղեկավարի՝ թեև այս իրավիճակը մեր հեղինակության համար վատ է, բայց լուրջ ազդեցություն չի կարող ունենալ չվերթների քանակի վրա:

 

  • Կիսվել: