«Միջանցքների» թեման փակված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից. Փաշինյանը «Սյունիքի միջանցքի» և ադրբեջանական նկրտումների մասին
«Միջանցքների» թեման փակված էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաքով Սյունիքում «միջանցք» բացելու Ադրբեջանի նկրտումներին։
«Ես շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի դիրքորոշնան հանրայնացումը այս հարցում, որովհետև այս խնդրի շուրջ ՌԴ-ն երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել», - նշել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ իրականում եռակողմ աշխատանքային խումբը կոմունիկացիաների բացման ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել։
«Ես շատ բարձր եմ գնահատում կատարված աշխատանքը։ Ամենադժվարը բանաձևերի խնդիրն է՝ թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն», - հավելել է նա։
Նշենք, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ Սյունիքով միջանցք բացելու թեմա բանակցությունների սեղանին չկա։



