երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միայն մեկ դեպք է եղել, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել՝ իր աշխատավարձի ավելացնելու հարցը և արժանացել է պաշտպանության նախարարի ամոթանքին. Վարչապետի խոսնակ

Միայն մեկ դեպք է եղել, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել՝ իր աշխատավարձի ավելացնելու հարցը և արժանացել է պաշտպանության նախարարի ամոթանքին. Վարչապետի խոսնակ

Թող նման բարձր մակարդակով արձագանքեն Ալիեւին, ոչ թե իմ հայտարարություններին, որոնք իրենք էլ շատ լավ գիտեն, որ ճշմարտություն է: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշել է ԳՇ պետի նախկին տեղակալ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի այն հայտարարությանը, թե իբր իր պնդումները առ այն, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս չի տրամադրել ֆինանսավորում սպառազինության համար, չեն համապատասխանում իրականությանը և կրում են զուտ քաղաքական բնույթ։

«Սա ընդամենը իրենց հերթական ստով պաշտպանվելու միջոց է, ավելացնելու ոչինչ չունեմ: Ես զինվորական եմ, ու չեմ պատրաստվում մանրամասներ ներկայացնել, թե որ դեպքերում Փաշինյանը ԶՈՒ-ին գումար չի հատկացրել։ Դրանով ես միայն թշնամու ձեռքին խաղաղաթուղթ կտամ։ Իրենք թող ինչքան ուզում են հերքեն», - պնդել է Ազգային հերոսը։

Խաչատրյանի հայտարարությունների վերաբերյալ InfoPort.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։

Վերջինս այս առնչությամբ, մասնավորապես, նշեց. «Վարչապետի աշխատակազմն անդրադարձել էր Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կեղծ պնդումներին։ Վերստին հաստատելով մեր դիրքորոշումը՝ պետք է մատնանշենք միայն մեկ դեպք, երբ Տիրան Խաչատրյանը ֆինանսական հարց է բարձրացրել խորհրդակցության ժամանակ, այն վերաբերել է իր իսկ աշխատավարձի բարձրացմանը եւ արժանացել պաշտպանության նախարարի ամոթանքին»։

  • Կիսվել: