շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր

Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը համոզմունք է հայտնել, որ  Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենալու դեպքում է միայն հնարավոր, որ  վերջինս փոխի և վերանայի իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ներկա իշխանություններն անընդունակ են այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել։

Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։

-Գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականաչափ լայն չէ և շատ հանդարտ: Քաղաքակիրթ աշխարհի համար խայտառակություն է, որ միահամուռ կերպով չի բարձրաձայնում ու դատապարտում ցեղասպանության անմարդկայնությունը, որովհետև միայն այս միասնական ձայնը կարող է հանգեցնել նրան, որ մեղքը ճանաչվի, և նման ցեղասպանությունը չկրկնվի:

-Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Ես համարում եմ, որ թուրքական քաղաքականությունը ներկայիս ղեկավարության օրոք խիստ անընդունակ է ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բանի հասնելու։ Թուրքիայի տնտեսության՝ առանց այն էլ աղետալի իրավիճակում տնտեսական ճնշումը միայն հակաարդյունավետ կլինի: Էրդողանը միայն կավելացնի ազգայնականությունը՝ որպես իշխանության պահպանման գործիք։ Հետևաբար, աշխարհը պետք է տեղեկացնի ոչ թե թուրքական քաղաքականությանը, այլ թուրքական հասարակությանը: Մեր օրերում դրա համար բավականաչափ ալիքներ կան։ Այնպես, ինչպես դաշնակիցներն արեցին Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ մենք պետք է խոսենք Թուրքիայի ժողովրդի հետ։ Բոլոր գերմանացիները գիտեն, որ Նացիստական Գերմանիան ոճրագործություն է իրականացրել։ Դա ցավալի է, բայց դա մեզ Եվրոպայում և առաջին հերթին հենց գերմանացիներին բերեց մեծ խաղաղություն և բարգավաճում:

-Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։

-Անկասկած, միայն իշխանափոխությունն Անկարայում կփոխի որոշ բաներ։ Եվ, ինչպես նշվեց, միայն լայն շարժումը Թուրքիայում, որն այլևս չի ցանկանում ապրել մերժված մեղքով, կհանգեցնի նրան, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։

-Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս օրերին երկխոսություն է տեղի ունենում։ Ձեր կարծիքով, այս գործընթացը ի՞նչ կերպ կարող է ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում։

-Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ցանկացած կարգավորում ծառայելու է նաև Ցեղասպանության մասին ճշմարտության հաստատմանը։ Եթե մի օր երկրների միջև կրկին բաց սահմաններ լինեն, և լինի արդյունավետ առևտուր, ապա մարդիկ ինքնաբերաբար կձգտեն իրական խաղաղության։ Իսկ դրան կարելի է հասնել միայն պատմական ճշմարտության հիման վրա։ Համեմատաբար վստահ եմ, որ այս իսկական խաղաղությունը կաճի ներքևից վերև, եթե Անկարան դա թույլ տա:

-Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս «այլևս երբեք» արտահայտությունը հաճախ է հնչել տարբեր հայտնի գործիչների կողմից, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհը բավական դասեր չի քաղել, քանի որ անպատիժ հանցագործությունները հակված են կրկնվելու։ Ի՞նչ եք կարծում, առաջադեմ մարդկությունը ի՞նչ պետք է անի «այլևս երբեք»-ը գործնականում տեսանելի դարձնելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

  • Կիսվել: