երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Մի թշնամացրեք. վաղը դուք եք ընդդիմություն լինելու». Իզաբելլա Աբգարյանը` ՔՊ-ին

«Մի թշնամացրեք. վաղը դուք եք ընդդիմություն լինելու». Իզաբելլա Աբգարյանը` ՔՊ-ին

Այսօր ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, որովհետև այս նույն զգացողությունները ես ունեցել եմ ևս մեկ անգամ՝ 2021թ-ին, երբ ավագանին որոշում էր հեռացնել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Այս մասին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։

«Որպես հիմնավորում բերում էին իր խնդիրները իր քաղաքական ուժի հետ՝ գեթ մեկ փաստաթուղթ, գեթ մեկ ապացույց չներկայացնելով։ Իրականում բան չի փոխվել, իշխանության է նույն քաղաքական ուժը, որ բնավորություն ունի՝ այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, իր նախորդի արածը իրեն վերագրել, իսկ որը ձեռնտու չէ՝ ասել դե մենք չենք։

Ամենավատ բանը, որ մենք կարող ենք տեսնել, դա հենց անպատասխանատվությունն է։ Ես հիմա հայտարարում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անպատասխանատու  քաղաքական ուժ է, որովհետև չի կրում պատասխանատվություն իր իսկ քաղաքական  նախորդ գումարման ավագանու անդամների արածների համար։ Իսկ նախորդ գումարման ժամանակ 80 % դահլիճ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողանում քվորում ապահովել»,- ասաց նա։

Խոսելով իրենց խմբակցության անդամների բացակայությունների մասին՝ Աբգարյանը նշեց․  «Տեղի է ունեցել մեկ նստաշրջան, որի առնվազն երկու նիստի ընթացքում  օրակարգը եղել է  քաղաքական, այսինքն ընտրվել է քաղաքային իշխանություն։ Մեր խմբակցությունը առաջին անգամ հայտարարել էր, որ բոյկոտում է, որովհետև մենք չէինք կարող թույլ տալ, որ ընտրվի մարդ, ում երևանցին չի ընտրել։ Երկրորդ դեպքում խմբակցությունը ներկայացել է, նշել է պատճառները, թե  ինչու էր մեզ համար անընդունելի ձևավորել  փոխքաղաքապետերի տվյալ թեկնածուներից կազմված իշխանություն ու կրկին հեռացավ՝ բոյոտելով քվեարկությունները»։

Խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք բոյկոտել են այն  հարցերը, որոնք իրենց կարծիքով, վնասել են  Երևան քաղաքին. «Ասում եք գայիք աշխատեիք, ավելի լավ է դուք չգայիք, չաշխատեիք, եթե կոճակ սեղմելը ձեզ համար աշխատանք է։ Դուք խեղդել եք մանր և միջին բիզնեսը՝ բարձրացնելով տարատեսակ վարձավճարները։ Դուք ընդունել եք որոշումներ, որոնց պատճառով մարդիկ ասում են՝ փակվենք գնանք։ Մարդիկ մտածում են, որ բոլոր որոշումները հօգուտ խոշոր բիզնեսի են։

Հիմա էլ բերել եք տրանսպոտային փաթեթը՝ թերի, չմտածված, բազմաթիվ բացերով ու հաշվի չեք նստում որևէ մեկի հետ։ Մեր խմբակցությունը միշտ աշխատել է, մեր աշխատանքները միշտ գլխավորել է Հայկ Մարությանը, նախագծերը, որ մենք  բերել ենք, նրա գլխավորությամբ է մշակվում։ Մի ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու, մի՛ արեք բաներ, որոնք վաղը ձեր դեմ են օգտագործելու, մի՛ թշնամացրեք «Ազգային առաջընթաց» խմբակցությունը»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

  • Կիսվել: