շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իզաբելլա Աբգարյանը՝ ավագանու՝ ֆիզարձակուրդում գտնվող անդամին մանդատից զրկելու առաջարկի մասին

Իզաբելլա Աբգարյանը՝ ավագանու՝ ֆիզարձակուրդում գտնվող անդամին մանդատից զրկելու առաջարկի մասին

Ինքս սա համարում եմ քաղաքական վրեժխնդրություն և կանանց իրավունքների խախտում։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով իշխանական խմբակցության կողմից Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու առաջարկին։

«Մենք գործ ունենք ոչ միայն կնոջ իրավունքների, այլև մայրության և մանկության։ Կային ավագանու անդամներ, որոնք հղի չէին եղել, բայց նիստերին չէին մասնակցում։ Ի տարբերություն նրանց՝ Լուսինե Մխոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքապետարանի այլ նախագծերում։ Ես կոչ եմ անում չանցնել բարոյականության շեմը, չդիպչել մայրերին, չդիպչել կանանց իրավունքներին»,-ասաց Աբգարյանը։

Անդրադառնալով ավագանու՝ մանդատից հրաժարված անդամներին, Աբգարյանը նշեց, որ նրանց աշխատանքային մթնոլորտն այլևս համատեղելի չէր, որ կարողանային հանգիստ աշխատել։

Աբգարյանը հիշեցրեց, որ Գայանե Մելքոմ-Մելքոնյանն էլ հրաժարական էր տվել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից, ապա նշեց՝ այժմ փոխքաղաքապետների թեկնածուների շարքում կին չկա։ «Կարճ տևեց երջանկությունը, որ Երևանն ունեցավ կին փոխքաղաքապետ»,-նշեց նա, ապա հայտարարեց, որ փոխքաղաքապետների ընտրությանը ձեռնպահ է քվեարկելու։

  • Կիսվել: