հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ. ՀԿԿ-ն՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ. ՀԿԿ-ն՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերի, դրանց խորացման ու հետևանքների մասին։

Բոլոր տեսակի իզմերից հրաժարված և իրենց հայամետ ու հայակենտրոն հռչակած քաղաքական գործիչները, այսօր գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ ծագած աղմուկի ֆոնին, ինչի մասին ժամանակին բարձրաձայնել են կոմունիստները, հանրային եթեր է տրամադրվում տխրահռչակ, Ռուսաստանի հզորացման,կայունության հակառակորդ, հայատյաց քաղաքական գործիչ Նավալնուն, էլ ավելի խարխլելով հայ-ռուսական բարեկամության հիմքերը, դա ներկայացնելով, որպես դեմոկրատիայի և ինքնիշխանության նշան։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան քաղաքական սուբյեկտ է, որովհետև Ռուսաստանի դաշնակիցն է, և որքան շուտ հասկանան այս պարզ ճշմարտությունը մեր իշխանությունները, այնքան ավելի շատ կշահի հայ ժողովուրդը։

Հայաստանի սահմանների անառիկության և մեզ թշնամական երկրների ոտնձգություններից պաշտպանելու գործում, իր անուրանալի դերը ունի ռուսական 102րդ ռազմաբազան, որի , Հայաստանում տեղակայման հարցում ևս նշանակալի ավանդ ունի Կոմունիստական կուսակցությունը։

Հետևաբար, մենք լինելով հայ-ռուսական բարեկամության հիմնադիրներից ու ջատագովներից, չենք կարող անտարբերությամբ նայել, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող դաշնակցի շուրջը, ուստի կոչ ենք անում իշխանություններին, իրենց քաղաքական ուժեր հռչակած և արևմտյան դրամաշնորհներով սնվող ու բացառապես նրանց շահը սպասարկող ավանտյուրիստներին`մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի, դուք ժամանակավոր եք, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից և պիտ գնա դեպ դարեր։

ՀԿԿ Կենտկոմ՛՛:

  • Կիսվել: