շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մի խումբ քաղաքացիներ նախագահից պահանջում են ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ

Մի խումբ քաղաքացիներ նախագահից պահանջում են ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել` պահանջելով նախագահ Արմեն Սարգսյանից դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության հարցով:

Հավաքվածներն իրենց պահանջը գրավոր նամակի տեսքով հանձնեցին նախագահի աշխատակազմի դիմումների բաժին:

Նախաձեռնության կազմակերպիչ, Փաստաբանների պալատի  նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանադրական մարմինների միջև առաջացել է վեճ, որը պետք է լուծում ստանա դատական հարթակում:

Ըստ Զոհրաբյանի` նախագահ Սարգսյանը, որին վարչապետը առաջարկել էր ազատել Զինված ուժերի շտաբի պետին, վերադարձրել էր առարկություններով հրամանագրի նախագիծը և նշել էր, որ հրամանագիրն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին և նշել, որ Գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է հանգեցնել զինվորական խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը, դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով: Դրանից հետո ՀՀ վարչապետը կրկին առաջարկել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատել պաշտոնից:

«Նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու հրամանագիրը, մյուս քայլը` կարող է դիմել Սահմանադրական դատարանը, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը: Սահմանադրական դատարանը պետք է 10-օրյա ժամկետում որոշի՝ համապատասխանում է վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը, թե ոչ: Բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել Սահմանադրական դատարան, և այսօր վերջին օրն է, որ կարող է դիմել: ՀՀ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում փոխանակ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, նա հրաժարվում է այդ գործիքից և թողնում է բախտի քմահաճույքին»,- ասաց Զոհրաբյանը:

  • Կիսվել: