Մեզնից շատ-շատերը ճնշումների են ենթարկվել, բայց դրանք արդյունք չի տվել. Վարդևանյանը՝ ընտրությունների մասին
Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել: Այս մասին այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում՛՛:
Ներկայացնելով, թե ինչ հարցեր են բարձրաձայնվելու Սահմանադրական դատարանում և խոսելով վարչական ռեսուրսի չարաշահումների մասին՝ Վարդևանյանն ասաց, որ անզեն աչքով նկատելի էր, թե ինչպես են հազարավոր ոստիկաններ միշտ ուղեկցում ՔՊ-ի վարչապետի թեկնածու անձին:
Նա ասաց. ՛՛Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին կթական հաստատություններից մարդկանց տանում հանրային հավաքների, առհասարակ նման դեպքերը նախկինում ևս բարձրաձայնվում էին, բայց այս դեպքը ունի 1 առանձնահատկություն․ մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել՛՛:
Վարդևանյանի խոսքով՝ մի շարք քաղաքացիների դեպքում անձնագիրը չի աշխատել. ՛՛Ընտրություններին մեզանից պահանջվում է անձնագիր կամ նույնականացման քարտ, բայց 109618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի աշխատել, իսկ մասնագետը մուտքագրում է տվյալները, բայց կարող է մասնագետը մեկ այլ անձի տվյալներ լրացնել և գուցե լրիվ այլ անձանց տվյալներ են լրացվել՛՛: