Մեր ԶՈւ-ն ամենակարևոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ. թուրքագետ
Ադրբեջանական բանակում իշխում է խուճապը, և մենք այսօր ականատես ենք լինում ինչ-որ բանի հասնելու վերջին փորձերին, իսկ դրանից հետո քաղաքական զարգացումները մեծապես պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական գործոններով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Ռուսաստանի: Ըստ թուրքագետի, այս հարցը դիտարկում էին մինչև թուրք-ադրբեջանական ագրեսիայի սկիզբը:
«Հիմա արձանագրում եմ, որ աշխարհի տարբեր վերլուծական կենտրոններ գալիս են այս եզրակացությանը: Դրանից բացի, պետք է հասկանալ, որ Թուրքիան ոչ միայն լուծում է ռազմավարական, այլև մարտավարական խնդիր: Նա շատ լավ հասկանում է, որ պետք է տեղի ունենան բանակցություններ: Ուզում է, որ բանակցային գործընթացն ընթանա միանգամայն այլ ձևաչափով, քան Մինսկի խմբի շրջանակներն են։ Էրդողանի հայտարարությունները, որտեղ նա շատ կոշտ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, վկայում է այդ մասին»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է ղարաբաղյան հարցի հետ կապված ստեղծել մի նոր բանակցային ձևաչափ, որտեղ միջնորդների դերում հանդես կգան ինքը և Ռուսաստանը:
Սակայն, Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ սա չի ընդունվի Ռուսաստանի կողմից, բայց այդ, Հայաստանը ևս դեմ կլինի դրան։
Թուրքագետը նշեց նաև, եթե ՌԴ-ն կարողանա ճիշտ կողմնորոշվել, վճռականություն ցուցաբերել, ապա Թուրքիային դա չի հաջողվի այս տարածաշրջանում հասնել իր նպատակներին:
«Ես համոզված եմ, որ այս ամենի ապագան որոշվում է հայ զինվորի կողմից: Մեր ԶՈւ-ն, իր վճռականության շնորհիվ, ամենակարևոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ: Հաղթանակը մերը կլինի»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։