կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները մնան Հայաստանում. Փաշինյան (տեսանյութ)

Մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները մնան Հայաստանում. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են ուղղել՝ հետաքրքրվելով, թե ինչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված մեր քաղաքացիների հետ. արդյո՞ք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ կմնան Հայաստանում:

Վարչապետի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: 

«Մեր տեսլականը հետևյալն է: Եթե նրանք ԼՂ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն՝ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրենց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում:

Մեր արևմտյան և օտարերկրյա գործընկերները քաջալերում են փաստը, որ Հայաստանի կառավարությունը ընդունակ եղավ մի շաբաթում հարյուր հազարից ավելի մարդ ընդունել առանց փախստականների ճամբարի:

Երկրորդ՝ կարող ենք ասել, որ երեխաների մեծ մասը գնում է դպրոցներ: 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 10 հազար մարդ ունի աշխատանք Հայաստանում: Սա լավ է, բայց ամբողջը չէ, որովհետև ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատունակ մարդկանց երևի 30 տոկոսն է: Բոլոր թոշակառուներն արդեն իրենց թոշակը ստանում են, և մենք առաջիկայում պատրաստվում ենք բնակարանային ապահովության ծրագիր անել, որի քննարկման ժամանակ եկել ենք կարևոր երկու եզրակացության՝ առաջին՝ այդ ծրագիրը պետք է հասանելի լինի նաև ՀՀ քաղաքացիներին, երկրորդ՝ պարտադիր ենք համարելու, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, որոնք ուզում են այս ծրագրից օգտվել, ՀՀ քաղաքացիություն ստանան»,- պարզաբանել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: