կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Մեր հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում». Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

«Մեր հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում». Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին

Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, եւ հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ եւ լուծմամբ, որոնք առիթ եւ պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման:

Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ եւ մտահոգիչ: Նաեւ կատարվում են սխալ եւ անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաեւ մտահոգիչ է ազգային մեր կյանքում մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին: Այդ իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու մեր առջեւ ծառացած վտանգաշատ խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել, հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով: Այս խնդիրը առաջնահերթ խնդիր պետք է դիտարկենք յուրաքանչյուրս մեզ համար»,-հայտարարեց նա։

  • Կիսվել: