երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը կարժանանան հայ ժողովրդի և իշխանության կոշտ հակազդեցությանը. վարչապետ

Մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը կարժանանան հայ ժողովրդի և իշխանության կոշտ հակազդեցությանը. վարչապետ

Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Այս մասին այսօր Ազգային անվտանգության նոր ռազմավարության քննարկման ժամանակ ԱԽ նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով»,- շեշտել է նա:

Վարչապետը նաև ընդգծել է, որ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: «Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն»,- շեշտել է նա:

Ըստ վարչապետի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: «Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նաև հավելել է, որ Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայի բոլոր դրսևորումներից, այդ թվում՝ հովանավորչությունից, արհեստական մենաշնորհներից, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելուց. այս դրսևորումները պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

«Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել»,- եզրաձակել է վարչապետը:

 

  • Կիսվել: