ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր երկրին միաբանություն է պետք, մեզ հաղթանակներ են պետք. Վլադիմիրի Գասպարյան

Մեր երկրին միաբանություն է պետք, մեզ հաղթանակներ են պետք. Վլադիմիրի Գասպարյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, երկրում ստեղծված իրավիճակի, Ոստիկանության համակարգի աշխատանքի մասին InfoPort.am-ը զրուցել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: 

-Պարոն Գասպարյան ներքաղաքական լարված իրավիճակը կարծեք թե հանգուցալուծվեց արտահերթ ընտրություններով: Ինչպե ՞ ս եք գնահատում ընտրությունները, արդյունքները Ձեզ համար սպասելի էին, թե՝ ոչ:

-Որպես կանոն ընտրությունները քաղաքացուց է գալիս և ինչ ընտրել է քաղաքացին դա աքսիոմա է և դա կարծում եմ քննարկման թեմա չի կարող լինել: Իսկ արդյունքներն ինձ համար սպասելի է՞ր, թե ոչ՝ մեծ հաշվով սպասելի էր: Չնայած, երբեք զերծ չեմ եղել այն մտքից, որ անակնկալներ կարող են լինել:

-Տեսեք, շատերը կարծիք են հայտնում, որ Հայաստանի հզորացման համար այս ծանր իրավիճակից դուրս գալու համար մեզ միասնականություն է հարկավոր: Դուք փորձառու մարդ եք, ունեք միավորման և միասնականության Ձեր բաղադրատոմսը:

-Բացարձակ ճշմարտություն է, որ միաբանվել է պետք, որովհետև   մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ միաբանված ենք եղել ունեցել ենք հաղթանակներ: Երբ տարանջատվել ենք ունեցել ենք պարտություններ, ավելի դաժան՝ կոտորածներ: Բոլորս՝ թե իշխանությունը և թե ընդդիմությունը, ես կամ դու, մենք յուրաքանչյուրս պետք է իր տեղում ամեն ինչ անենք, մեր երկիրը հզորացնելու համար, որպեսզի այս ոչ ստանդարտ իրավիճակից կարողանանք դուրս գալ հաղթանակած, որովհետև բավ են պարտությունները:

-Հնարավո ՞ ր է, որ մենք տարանջատված էինք դրա համար պարտվեցինք:

-Որպես կանոն պարտությունը միշտ գալիս է տարաձայնությունների և անջատ լինելու արդյունքում: Թե ինչ աստիճան էինք տարանջատված, թե ինչ աստիճանի առանձնացած դա երկրորդ հարցն է: Մեղավորներ չեմ ուզում փնտրել, թե ով է դրա հեղինակը, որ մենք տարանջատված ենք՝ իշխանություններն են, թե ընդդիմություն է, թե՝ ես ու դու ենք: Փաստը մնում է փաստ, որ լավ միաբանված չենք, դրա համար էլ սա տեղի ունեցավ: Կարծում եմ հետևություններ պետք է անել՝ ցանկացած բացասական պրոցեսից, և ցանկացած անկումից հետո ամեն ինչ պետք է անել, որպեսզի կանգնենք ոտքի և շարժվենք առաջ:

Պարոն Գասպարյան, երեկ ՀՀ նորընտիր վարչապետը միասնականության կոչ արեց հայ ժողովրդին, բոլոր ուժերին: Դուք ընդունում ե ՞ ք այդ կոչը:

-Ես միշտ եմ ընդունել միասնականության կոչը և կարծում եմ, որ այո, ժողովուրդը պետք է միասնական լինի և կոչից զատ ամեն ինչը պետք է ամրապնդվի գործերով: Ցանկացած խոսք արժեքավոր է դառնում, երբ խոսքի տակ դրված է գործ: Ես կարծում եմ, որ հիմա արդեն ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է:

-Դուք այն պաշտոնյաներից եք, ում գույքն արգելանքի տակ է այս պահին: Այս մասով ի ՞ նչ կարող եք ասել:

-Ես այդտեղ կոնկրետ իմ անձի համար  արօրինակ ոչինչ չեմ տեսնում: Բավականին երկար ժամանակ է ծեծվել այդ թեման: Դրվել էր, հանվել էր, հիմա նորից է դրվել: Ես դրա մեջ տեսնում եմ նորմալ պրոցես: Օրենքը բոլորիս համար է: Եվ կարծում եմ, որ այդ օրենքը կիրառելու ժամանակ մենք բոլորս հնարավորություն ունենք հիմնավորել ամեն ինչ: Ես այդտեղ անհանգստանալու բան չեմ տեսնում և կարծում եմ դա պետք չէ դարձնել ինչ որ տարօրինակ պրոցես: Կարծում եմ օրենքը պետք է աշխատի և աշխատի բոլորիս համար:

Իրավապահները հատկապես վերջին մեկ-երկու ամսում շատ ծանրաբեռնված էին աշխատում: Ի ՞ նչ խորհուրդ ունեք նրանց՝ Ձեր հարազատ ոլորտի ներկայացուցիչներին:

-Իմ հարազատ սիրելի ոլորտը ոչ թե երկու-երեք ամիս է այդպես աշխատում: Մենք աշխատում ենք բոլոր-բոլոր ժամանականերում, եթե նույնիսկ ձեզ՝ սիրելիներս թվում է,թե ոչ մի լարվածություն չկա, միևնույն է իրավական համակարգը, ոստիկանությունը հատկապես, այդ թվացյալ խաղաղության ժամանակ նույնպես ավելի լարված է աշխատում, որովհետև այդ շատ ավելի լարված աշխատանքի շնորհիվ է, որ հանգիստ է և անդորր: Իսկ նման էքստրեմալ իրավիճակներն, իհարկե, մի քիչ ավելի շատ ջանք ու եռանդ են պահանջում: Ես ուզում եմ, ասել, որ տղաները գերազանց են կատարում իրենց խնդիրները իսկ եղած թերություններն էլ կարծում եմ ժամանակի ընթացքում կշտկվի: Ակնկալում եմ, որ հասարակությունը կգնահատի իրավապահների աշխատանքը, իսկ տղաներին ես խորհուրդ կտամ միշտ զգոն լինել, հասկանալ, որ ոստիկանությունը պետք է լինի մարդակենտրոն և քաղաքացին պետք է լինգի լխավոր արժեքը: Նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր գործողությունները լինեն օրենքի և օրինականության սահմաններում: Միշտ, եթե նույնիսկ քաղաքացին սխալ է, ոստիկանությունը նույնիսկ այդ պարագայում պետք է ճիշտ գործի: Այնպես, որ մեր աշխատանքը շատ դժվար է, տղաներին ես ցանկանում եմ, որպեսզի խաղաղ օրեր լինեն իրենց համար: Կարծում եմ, որ դժվար ժամանակահատվածներ լինում են և անցնում են: Մենք դրան տարիներ շարունակ սովորել ենք: Ես բարձր եմ գնահատում մեր տղաների աշխատանքը և դա իմ ընտանքին է:

-Պարոն Գասպարյան,վերջում մի այսպիսի հարց՝ Դուք վերջերս առողջական լուրջ խնդիրներ եք ունեցել: Ինչպե ՞ ս եք հիմա Ձեզ զգում:

-Այո, ցավոք սրտի, ունեցել եմ հիվանդություն, բարեհաջող ապաքինվում եմ, դինամիկան լավ է գնում,  և ես այդ փորձությունից էլ դուրս կգամ:

 

  • Կիսվել: