ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր դիրքերը շատ ավելի ամուր են՝ չի լինելու 2016-ի ապրիլյան պատերազմի կրկնություն․ ԱԳՆ ղեկավար

Մեր դիրքերը շատ ավելի ամուր են՝ չի լինելու 2016-ի ապրիլյան պատերազմի կրկնություն․ ԱԳՆ ղեկավար

Մեր դիրքերը շատ ավելի ամուր են․ չի լինելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն, 2019 թվականի ընթացքում ԼՂ հակամարտության մասով բավական ծավալուն աշխատանք է իրականացվել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին, նա նշեց՝ չի կարող որևէ մեկը ակնկալել, որ Հայաստանը որևէ քայլ կկատարի, որը ենթադրում է զիջում կան վնասում է մեր ազգային անվտանգությունը: 

«Մենք անցյալ տարի կարծես բավական ծավալուն անդրադարձ կատարել ենք սկզբունքներին: Դրանք են եղել մեր հիմնական քննարկման առարկան: Մենք դեկտեմբերին ունեինք նախարարական հանդիպում Բրատիսլավայում, որտեղ մեզ համար անընդունելի էր, երբ Ադրբեջանն իր դիրքորոշումը ներկայացնում էր այդպես: Իմ հայտարարությունը շատ հստակ ամրագրում է այն մոտեցումները, որի մասին մենք խոսել ենք տարբեր ձևաչափերով, խոսել ենք անընդմեջ, և դա համապարփակ արտահայտվել է նաև Բրատիսլավայի ելույթում: Մենք միշտ խոսել ենք նաև այն մասին, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա»։

Մնացականյանի խոսքով՝ այն, ինչ ասում է հայկական կողմը, ավելի քան հստակ է․ «Մեր մոոտեցումները շատ կառուցողական են, սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակում, երբ վտանգվում են մեր ազգային շահերը, երբ մեզ համար ստեղծվում է անընդունելի իրավիճակ»:

«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ առանց էլ ավելի կրքերը բորբոքելու: Գործընթացն իրապես բարդ է, բայց այդ գործընթացի մեջ հնարավոր չէ հաշվի չառնել հայկական կողմի առաջ քաշած սկզբունքները` որևէ կերպ թույլ չտալ անվտանգության համակարգի որևէ խախտում, և այդ ամենի մեջ ստատուսի հարցը կարևորագույն գերակա անվտանգային գործիքներից մեկն է: Մենք այդ տրամաբանությունը արտահայտել ենք բազմաթիվ անգամ»,- նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենք հոխորտանքներին, նախարարը շեշտեց, որ սպառնալիքի լեզուն չի աշխատելու  բանակցությունների ընթացքում:  

  • Կիսվել: