ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է եղել, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք հասկանալու՝ որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում․ Փաշինյան

Մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է եղել, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք հասկանալու՝ որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում․ Փաշինյան

Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:

«ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և ընկալում ենք այդպես: Եվ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը եղել է հետևյալը, որը Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Եվ սա եղել է Ռուսաստանի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման: Եվ, իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ: Եվ այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար»,-ասաց վարչապետը:

Սակայն, նրա խոսքով, երբ տեղի են ունեցել 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածի հայտնի իրադարձությունները՝ ներխուժումը ՀՀ տարածք, Հայաստանը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել է կոնկրետ գործողություններ ՌԴ գործընկերներից, անվտանգային ոլորտի գործընկերներից:

«Եվ, ի պատասխան ՀՀ հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Եվ այդ համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ  է անցնում այն «կարմիր գիծը», որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը՝ հետագա հարաբերությունների կառուցման  համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետ շեշտեց, որ այդ «կարմիր գիծը» դե յուրե գոյություն ունի, և դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում:

«Եվ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է եղել, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք՝ ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Եվ մենք ասել ենք՝ առանց այս գիծը պաշտոնապես արձանագրելու, մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունը, որ այսօր էլ շարունակում է մնալ սեղանին: Այսինքն՝ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել: Եվ դա շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը»,-ասաց վարչապետը:

Վերջին շրջանում Ադրբեջանն արևմտյան երկրներ հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է՝ ասելով, թե մտավախություն ունեն, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և իրենք «կանխարգելիչ» գործողություններ են ձեռնարկում: Վարչապետը դա որակեց աբսուրդ՝ նկատելով, որ մյուս կողմից Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այդ խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում: «Եվ մենք ՌԴ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար: Եվ մենք այս փաստերից հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այդ փաստերը»,-ասաց վարչապետը: 

 

Վարչապետը վստահեցրեց, որ դա անընդհատ խոսակցություն է եղել ՌԴ-ի հետ:     

  • Կիսվել: