շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք տեսանք, թե ոստիկանների նկատմամբ ինչպիսի ազդեցություն ունի քրեական օլիգարխիան․ Անդրանիկ Քոչարյան

Մենք տեսանք, թե ոստիկանների նկատմամբ ինչպիսի ազդեցություն ունի քրեական օլիգարխիան․ Անդրանիկ Քոչարյան

90-ականներին եղել են պահեր, երբ Ոստիկանությունը եղել է կաշկանդված, հետո շտկեց իր կարգավիճակը: Այսօր այս մասին «Ոստիկանության 2020-22 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հետո Ոստիկանությունը եղավ շատ ուժեղ: Այդ ժամանակ քրեական հեղինակությունների նույնիսկ մտքով չէր անցնի մոտենալ Ոստիկանության շենքին: Դա ոստիկանության ուժեղ շրջանն էր: Սակայն հետո հասարակությունը սկսեց վախենալ ոստիկանից: Մի պահ վախենում էր քրեական օլիգարխիայից: 2018 թվականի հեղափոխությունների ընթացքում մենք տեսանք, թե ոստիկանների նկատմամբ ինչպիսի ազդեցություն ունի քրեական օլիգարխիան: Նույն օլիգարխները ոստիկանապետի կողքը կանգնած էին ոչ թե որպես աջակցող, այլ՝ ուղղորդող ու ղեկավարող: Դա այդպես դարձել էր քաղաքական պրոցեսների արդյունքում: Բոլոր ընտրություններում նրանց կարևորել են, իսկ հետագայում արդեն քաղաքական գործոն դարձրել իշխանության շրջանակներում»,-ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ ամենամեծ հարվածը ստացավ 96 թվականին, երբ առանց որևէ վերլուծության կատարվեց առաջին բարեփոխումը՝ Ոստիկանությունը միացնելով ԱԱԾ-ին և նշանակելով կոնկրետ մարդու:

«Եթե դա արվեր հիմնավորված, ուսումնասիրված ու ծրագրային, այդպիսի սխալ տեղի չէր ունենա: Հետագայում դա անշրջելի հետևանքների բերեց երկու կարևոր պետական կառույցների մեջ: Մենք հիմա միայն լայն քննարկումների, ուսումնասիրությունների, վերլուծությունների արդյունքում պետք է ունենանք այն օրենսդրական բազան, որը կստեղծի կառավարման նոր համակարգը, որը վստահություն կունենա հասարակության բոլոր շերտերի կողմից»,-նշեց նա:

  • Կիսվել: