հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք շատ մտահոգված ենք  Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ` հայերիս համար, մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարց է: Այս հարցը հիմնված է անվտանգության շատ ուժեղ գիտակցության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այդ իրավունքների ճանաչումը մշտապես եղել է շատ կարևոր գերակայություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության կայուն միջավայրի հետ մեկտեղ: Նաև այն, որ հնարավոր է միայն խաղաղ բանակցային լուծում` հիմնված փոխզիջումների վրա: Փոխզիջում նշանակում է քրտնաջան աշխատանք, որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և գտնում է կողմերի ստանձնած պարտավորությունների այդ կարևոր հավասարակշռությունը, որը հանգեցնելու է կարգավորման: Այս մասին «Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ու՞մ էր ուղղված նախարարի՝ «մեր երկիրն ունի բավարար ուժ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը» հայտարարությունը։

«Ցանկացած միակողմանի առավելապաշտական մոտեցում չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ, ինչպես նշեցի, այս հարցը վերաբերում է էքզիստենցիալ անվտանգությանը, ուստի պաշտպանելու վճռականությունը շատ ուժեղ է: Այնուամենայնիվ, մենք շատ հստակ ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ, որը հանդես է գալիս ուժի, ագրեսիվ հռետորաբանության  և գործողությունների դիրքերից: Այդ գործողությունները դրսևորվում են Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության ցուցաբերմամբ և այնտեղ ռազմական ներկայության ամրապնդմամբ: Մենք նաև շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Մերձավոր Արևելքի որոշակի հատվածներում հավաքագրվող ահաբեկիչների մասին, որոնք պետք է տեղափոխվեն կամ արդեն իսկ տեղափոխվել են Ադրբեջան: Սա ողջունելի քաղաքականություն չէ, սա ազդեցության տարածում է` Թուրքիայի հարևանության ողջ երկայնքով: Մենք մտահոգված ենք, մենք դիտարկում ենք, մենք հետևում ենք Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և տեսնում ազդեցության տարածումը` որպես այս քաղաքականության դրսևորում: Դա չի նպաստում խաղաղությանը, դա շատ ապակայունացնող քաղաքականություն է»,- ասել է Մնացականյանը։

Լրագրողի հարցին, թե նախարարի խոսքով՝ Թուրքիայի վարքագիծը ազդում է Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա, ինչպե՞ս կարելի է հասցեագրել թուրքական գործողությունները, Մնացականյանը պտասխանել է․

«Կարծում եմ՝ Դուք գիտեք, որ մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը, ինչը հնարավոր է հասնել դիվանագիտության, երկխոսության, զրույցների և բանակցությունների միջոցով, և, դժբախտաբար, մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից նման մեթոդների մերժմանը: Դեռևս 2009թ.-ին Հայաստանը որդեգրեց շատ լուրջ և բարդ ուղի. հասկանում եք մի ազգ, որը, լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության զոհ և մինչ օրս կրելով ժխտված արդարության խորը սպիերը, աշխատանքներ իրականացրեց այս ուղղությամբ: Սակայն այս ջանքերը մերժվեցին Թուրքիայի կողմից, արձանագրությունները մերժվեցին Թուրքիայի և երկրի ներկայիս վարչակազմի կողմից, իսկ մեր քաղաքականությունն առերեսվեց բանակցությունների սին խոստումներին: 

Իհարկե սա մի ջանք է, որը պահանջում է համախմբում և համերաշխություն, և մենք համերաշխ ենք բոլոր կողմերի հետ: Մենք ունեցանք այդ հնարավորությունն արտահայտելու դա այստեղ՝ Կահիրեում, ունեցած հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականին, մենք նույն կերպ արտահայտում ենք մեր համերաշխությունը Եգիպտոսին, ինչպես արել ենք Հունաստանի և Կիպրոսի պարագայում: Մենք աշխատում ենք այլ ուղղություններով, որպեսզի կարողանանք օգնել Մերձավոր Արևելքին, և միայն տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, ջանքերի համադրման շնորհիվ  հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել լարվածության թուլացման և բանակցությունների վրա հիմնված լուծման ուղղությամբ: Կարծում եմ, դա վերաբերում է ողջ միջազգային հանրությանը՝ համախմբել կարողությունները՝ ի շահ անվտանգության ամրապնդման» :

  • Կիսվել: