շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք սգում ենք Ձեզ հետ. Վիլհելմ Յուննիլայի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Մենք սգում ենք Ձեզ հետ. Վիլհելմ Յուննիլայի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին ուղերձներ են հղում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդներ, խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ: Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Վիլհելմ Յուննիլան նշել է՝ նվազագույնը, որ այսօր կարող է անել միջազգային հանրությունը, հայերի հետ միասին սգալն է և աջակցելը մարդու իրավունքների պաշտպանությանը, գրում է 1lurer.am-ը:

«Սիրելի հայեր, Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը ցանկանում է ոգեկոչել 1915-1917 թթ. Օսմանյան ջարդերի և բռնի տեղահանությունների զոհերի ու նրանց հարազատների հիշատակը և ուժ հաղորդել հայերին, որոնց սրտում խոր արմատավորված է այս ողբերգությունը:

Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը հավաքվում են Ծիծեռնակաբերդի հավերժական կրակի շուրջ, որտեղ եղել եմ նաև ես: Պատմական սարսափները պետք է հիշել, որպեսզի դրանցից դասեր քաղենք և թույլ չտանք դրանց կրկնությունը: Հայերի համար սա նահատակների և զոհված նախնիների հիշատակի օր է, որը հարգում են բոլոր սերունդները:

Շատերի մեծ ծնողները բռնել են գաղթի ճամփան: Բազմաթիվ ընտանիքներ շատ բան են կորցրել: Նրանցից շատերը կորցրել են ամեն ինչ: Երեխաներն սպանվել են իրենց մայրերի, եղբայրների և քույրերի աչքի առաջ: Այսօր կարևոր է ցույց տալ, որ ոչինչ չի մոռացվել:

Հայկական ինքնության և հիշողության կարևոր մաս են կազմում Հայաստանից դուրս գտնվող համայնքները: Սփյուռքը նշանակալից դեր ունի մշակույթի, լեզվի և պատմության պահպանման ու սերնդեսերունդ փոխանցելու գործում:

Այս տարին հատկապես դժվար է եղել հայերի համար: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները շատերին ոչ թե հիշեցնում էին 1990-ականների սկիզբը, այլ Սարիղամիշի ճակատամարտին հաջորդած դրությունը: Միասին մենք աղոթում ենք, որ Ձեր փորձություններն ավարտվեն և վերջապես հաստատվի հաշտություն ու խաղաղություն:

Նվազագույնը, որ այսօր կարող է անել միջազգային հանրությունը, հայերի հետ միասին սգալն է և աջակցելը մարդու իրավունքների պաշտպանությանը: Պատմությունն ուղղորդում է այսօրվա իրադարձությունները:
Սև և Կասպից ծովերի միջակայքում տեղի ունեցած վերջին ժամանակների իրադարձություններն առաջացնում են հարցադրումներ, որոնց դժվարանում են պատասխանել բոլոր կողմերը:

Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Հայաստանն ու նրա հարևանները կարող են մերձենալ, բայց նաև հասկանում ենք, թե դա որքան ծանը զոհաբերություն է, որն այսօր թվում է անհաղթահարելի: Մենք սգում ենք ձեզ հետ»,- ասել է Յուննիլան:

 

  • Կիսվել: