«Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում». Էդմոն Մարուքյանի թիմը «ոչ»-ի շտաբ չի ձևավորի
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում ապրիլի 5-ին կայանալիք սահմանարդական հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի նախաձեռնություն ձևավորել:
«Իշխանությունն սպասում է, որ «ոչ»-ի ճամբար լինի ու մարտակառքերով, ատելության քարոզով գնա այդ ճամբարներին ոչնչացնի: Մեր մոտեցումը հետևյալն է՝ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպետք է լինի հակառակ ճամբար: Պիտի լինի միայն «Այո»-ի ճամբար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի, թող «ոչ» չքարոզեն և միայն իշխանությունն իր «այո»-ով գնա քարոզարշավի, և մարդիկ իրենք որոշեն՝ գնում են ընտրատեղամաս, թե ոչ:
««Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորել, նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, շարունակել սպառնալիքներ ուղարկել գործիչներին, և վերջում էլ մեկի նեռվերը չի դիմանա, քարով կտա մյուսի գլուխը կծակի ու կունենանք արյունահեղություն: Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում», -հայտարարեց Մարուքյանը՝ կոչ անելով մյուս ուժերին չմտնել «ատելության պատերազմի» մեջ:
Նա վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ «հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է, անօրինական»:
Նշենք, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: Եթե ԱԺ-ում հանրաքվեի նախագծին դեմ քվեարկած քաղաքական ուժը չի դիմում ԿԸՀ «ոչ»-ի շարժում ձևավորելու, ապա 50 հոգուց կազմված քաղաքացիների խումբը իրենք կարող են ձևավորել այդ շարժումը: